Փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել եմ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Բյուրոյի նիստում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, անհետ կորածների ու ռազմագերիների հարցերը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպել եմ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի, առաջին փոխնախագահ Օլեկսանդր Կորնիենկոյի և Ուկրաինայի պատվիրակության անդամների հետ՝ քննարկել խորհրդարանական վեհաժողովի դերը հակամարտության կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցում:
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին և ԱԳ նախարարի տեղակալ Մարիանա Բետսային, որոնք ներկայացրել են Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումները պատերազմի դադարեցման և հնարավոր խաղաղության բանակցությունների վերաբերյալ:
Բյուրոյի անդամների հետ այցելել եմ նաև Մոշչուն (Բուչա)` ծանոթացել պատերազմի հետևանքներին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին»,-գրել է նա։