Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել են հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները (լուսանկարներ)

18 Սեպտեմբեր, 2024 20:31
Ամփոփվել են հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները (լուսանկարներ)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ հանրապետության տարածքում իրականացրած հանրային իրազեկման աշխատանքները՝ ուղղված անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, հրդեհների կանխարգելմանը, արագ արձագանքմանը, հրդեհների դեմ պայքարին, դրանց տարածմանը, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանը:

Փրկարարական ծառայողների կողմից հանրային իրազեկման աշխատանքները հիմնականում իրականացվել են հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերում՝ անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսներով։

Միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքի փրկարարական և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերի, հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների ուժերով, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների հետ համագործակությամբ, անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվել են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, շրջիկ իրազեկում և հակահրդեհային քարոզչական բնույթի աշխատանքներ։

Մինչ օրս ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 902 խումբ, որից 845-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 57-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:

Ընդհանուր առմամբ իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 1976 փրկարարական ծառայող: ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրազեկում են իրականացրել 6700 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում: Մարդաշատ վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տարածվել և փակցվել է մոտ 10000 պաստառ և թռուցիկ:

Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 127 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։

Փրկարար ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակի կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումներին, հետևաբար հորդորում է հետևել հրդեհային անվտանգության կանոններին, անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքներից խուսափելու, ինչպես նաև հրդեհի առաջացման ռիսկերն արդյունավետորեն նվազեցնելու նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին