Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը Ավստրիայում հանդես կգա Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով

19 Սեպտեմբեր, 2024 16:47
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը Ավստրիայում հանդես կգա Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով

ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է 99-րդ համերգաշրջանը: 

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ն անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ մենակատարներով և դիրիժորներով:

Սեպտեմբերի 19-23-ն Ազգային ֆիլհարմոնիկը մեկնում է եվրոպական հյուրախաղերի: Սեպտեմբերի 20-ին Ավստրիայի Կլագենֆուրտ Մյուզիքֆեռայնում Ֆիլհարմոնիկը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես կգա Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով: Ծրագրում կհնչեն Բրուքների 9-րդ սիմֆոնիան և Դվորժակի թավջութակի կոնցերտը, որոնք կկատարի հռչակավոր գերմանացի ջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթը:

Սեպտեմբերի 22-ին Սլովակիայում՝ Բրատիսլավայի երաժշտական փառատոնում, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգով: Կհնչի Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը՝ սլովակ շեփորահար, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր, շեփորահար Ստանիսլավ Մասարիկի կատարմամբ: Կհնչեն նաև Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան և Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Հայկական նվագախմբի համար շատ պատվաբեր է այն փաստը, որ ավստրիացիները մեր Ազգային ֆիլհարմոնիկին են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտենք, Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են, և մենք մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ համերգին: Բրատիսլավայի փառատոնին շատ հեղինակավոր նվագախմբեր են հրավիրված, որոնց կողքին ելույթ ունենալը պարտավորեցնող է և մեծ պատիվ»,- նշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին