Կարևոր իրադարձություններ

Դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածությո՞ւն կա. «Հրապարակ»

14 Սեպտեմբեր, 2024 09:09
Դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածությո՞ւն կա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 4-ին Մոսկվա մեկնած Գուրգեն Արսենյանը՝ որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան, արդեն իր հավատարմագիրն է ներկայացրել ՌԴ ԱԳ փոխնախարարին: Հաջորդ քայլը կլինեն ՌԴ նախագահի մոտ ընդունելությունը եւ հավատարմագրի հանձնումը, որի ժամկետը դեռեւս անորոշ է: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այնքան էլ ոգեւորված չէ այս նշանակմամբ, եւ դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածություն կա:

Ոմանք դա բացատրում են նրանով, որ Արսենյանի թեկնածությունն առաջադրել եւ առաջ է մղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Արարատ Միրզոյանը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, որ 2021-ի ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանն իր «աթոռին» է նստել` իրեն «գործուղելով» ԱԳՆ, ինչն ինքը պաշտոնի իջեցում է դիտում: Բացի այդ, ժամանակին Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում մի ելույթ է ունեցել, որտեղ, իրեն բնորոշ ոճով, մի թեթեւ դաս է տվել Միրզոյանին` խորհուրդներ տալով, առաջարկներ անելով:

2022 թ․ նոյեմբերի 3-ի այդ ելույթում նա թեեւ բավականին կոռեկտ ձեւակերպումներով է խոսել, բայց քննադատել է դիվանագիտական ոլորտի ֆինանսավորումը՝ նկատելով, որ այն պետք է մեծացնել, որ արդյունքն էլ մեծ լինի: Ոմանք կարծում են, որ այդ ելույթն էլ Միրզոյանը չի մոռացել: Բայց ԱԳ նախարարի եւ դեսպանների շփումներն այսօր նվազագույնի են հասցված: Նրանք, որպես կանոն, շփվում են նախարարի խորհրդականների, օգնականների, լավագույն դեպքում՝ փոխնախարարների հետ: Այնպես որ, Արսենյանը Միրզոյանին տեսնելու եւ հարաբերվելու առիթներ գրեթե չի ունենալու, եթե արտառոց իրադարձություններ տեղի չունենան, եւ Միրզոյանը Մոսկվա չմեկնի»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին