Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ»

07 Սեպտեմբեր, 2024 08:20
Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում իր առաջին հանդիպումն է անցկացնելու՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մրցելով Լատվիայի ընտրանու հետ: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլասերների համար տհաճ անակնկալ է պատրաստել՝ բարձրացնելով մարզադաշտի տոմսերի գները:

Եթե նախկինում Արևել յան տրիբունայի տոմսերի գները տատանվում էին 3-ից 8 հազար դրամի սահմաններում, ապա հիմա՝ 5-ից 12 հազարի: Եթե նախկինում Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 5-ից 10 հազար դրամ էր, ապա հիմա դարձել է 10-ից 16 հազար: Սա առաջացրել է բազմաթիվ ֆուտբոլասերների դժգոհությունը: Իհարկե, ֆեդերացիան մեծ «լավություն» է արել՝ նույնը թողնելով հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերի գները, սակայն հասկանալի է, որ դա, մեղմ ասած, մխիթարություն չէ իրապես մարզադաշտում ֆուտբոլ դիտել ցանկացողների համար:
 

Նախ՝ խոսքը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մասին չէ, մեր մրցակիցներն էլ, ասենք, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականները չեն, թեպետ նույնիսկ այդ պարագայում նման գները շատ բարձր են Հայաստանի համար:

Առավել ևս, որ ինչքան էլ բոլորս, անկախ ամեն ինչից, հավաքականի կողքին ենք, սակայն չի կարելի անտեսել, որ թիմը շատ վատ արդյունքներ է ցույց տալիս. վերջին 10 խաղում հավաքականը տոնել է միայն 1 հաղթանակ (այն էլ՝ ընկերական խաղում), երկու հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով և կրել է 7 պարտություն: Եվ փոխանակ այնպես արվի, որ մարզադաշտը միշտ լեփ-լեցուն լինի, տոմսերն են թանկացնում: Ինչ վերաբերում է հավաքականին, հատկապես այն հանգամանքին, որ մարզիչը մի քանի ֆուտբոլիստների դուրս է թողել հավաքականից, ապա դա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկա երկու խաղից հետո»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին