Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ԻՀԱԿ) անցկացվել է «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» թեմայով հանդիպում-քննարկում` գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր թե՛ դեպքերի հայտնաբերման, թե՛ բուժման, թե՛ ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելման ուղղությամբ:
«Մենք ուսումնասիրել ենք մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման յուրաքանչյուր դեպք, վերլուծել դրանք ու վերհանել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատենք: Տարիներ շարունակ պահպանում ենք ՄԻԱՎ վարակի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելման ցուցանիշն ու հավաստագիրը»,-ասել է Լենա Նանուշյանը՝ ընդգծելով, որ այս քննարկումն էլ նպատակ ունի շահագրգիռ կողմերի հետ ևս մեկ անգամ նախանշելու առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ համատեղ ջանքերը: