Կարևոր իրադարձություններ

Կձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն (տեսանյութ)

14 Հունվար, 2025 20:17
Կձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 համարով, որի գործարկմամբ կդադարեցվի 911, 102 և 103 հեռախոսահամարների սպասարկումը։

Ներքին գործերի նախարարությունը նշված կոնցեպտը իրականացնելու նպատակով համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում ներգրավված փորձագետները աշխատում են իմպլեմենտացման ճանապարհային քարտեզ ձևավորելու ուղղությամբ։ Ճանապարհային քարտեզը կներառի ոչ միայն տեխնիկական, այլև բովանդակային լուծումներ, կնախանշի կոնկրետ դերակատարներին, ժամկետները, գործողության մանրամասները և հնարավորություն կտա մինչ 2026 թվականը անխոչընդոտ կազմակերպել միասնական զանգերի կենտրոն ունենալու գործընթացը։

Հենց այս նպատակով Համաշխարհային բանկի փորձագետներ Յանեկ Լաևը և Էվա Ռինեն հունվարի 8-10-ը Հայաստանում հանդիպումներ են ունեցել պատասխանատու մասնագետների հետ։ Միջազգային փորձագետներն այցելել են Ոստիկանության օպերատիվ կառավարման և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ, անցկացրել քննարկումներ։ Նրանք ծանոթացել են նաև մարզային կենտրոնների հագեցվածությանը և առկա մարտահրավերներին, որոնք պետք է հաղթահարվեն նոր միասնական կենտրոնի ստեղծմամբ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները եղել են նաև Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում, ուսումնասիրել առկա թվային լուծումները և տեղեկացել աշխատանքի կազմակերպման մանրամասներին։

Կադրերի պատշաճ կրթությունն ու վերապատրաստումը առանձնահատուկ կարևորություն ունեն միասնական զանգերի կենտրոնի ստեղծման գործում։ Այս նպատակով միջազգային փորձագետներն այցելել են ՆԳՆ կրթահամալիր և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ կրթություն ստացող ուսանողները համալրելու են ծառայողների շարքերը։

Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է հանրային անվտանգության ապահովման ճանապարհին։

Կառավարության նպատակն է այս բարեփոխմամբ ճգնաժամային, վտանգավոր կամ նմանատիպ այլ իրավիճակներում հանրության համար դառնալ առավել հասանելի՝ մատուցելով ավելի արագ և օպերատիվ ծառայություն։

 

Լրահոս

Դիտել ավելին