Այսօր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը: Այս մասին հայտնում է Նաիրիի համայնքապետարանը։
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արսեն Համբարձումյանը, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Զորավան վարչական շրջանի ղեկավար Բաղդասար Թովմասյանը, Նաիրի համայնքի ավագանու անդամները, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Օրհնության կարգ կատարեց Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արսեն Համբարձումյանն՝ իր աղոթքում խաղաղություն խնդրելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորներին:
Չխախտելով ավանդույթը՝ Նաիրի համայնքի ղեկավարը նորակոչիկներին նվիրեց խորհրդանշական պահապան խաչ և ժամացույց:
Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմունքի պետ, գնդապետ Արարատ Մանուչարյանը բոլորի անունից հայրենիքի պաշտպանությանը մեկնող նորակոչիկներին մաղթեց տոկունություն, զինվորական բարձր պատրաստականություն և բարի վերադարձ։
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան մեկնեցին բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով։