Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, նախարար Մխիթար Հայրապետյանը, շնորհավորելով շրջանավարտներին, խոսել է ծրագրի կարևորության մասին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կարևորագույն հիմնասյունն այն մարդն է, որն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում, ինչպես նաև համահայկական ողջ ներուժը, որը համախմբված կլինի Հայաստանի պետականության գաղափարի և նրա ուժեղացման շուրջ:
«Հավատալով այս փիլիսոփայությանն ու գաղափարախոսությանը՝ հիմնադրամը ժամանակին սկսել է միջոցներ կենտրոնացնել այդ կարևորագույն ռեսուրսն էլ ավելի հզորացնելու համար՝ կատարելու կարևորագույն ներդրումներ հանուն նոր գիտելիքի, նոր մասնագիտական կարողությունների, նոր հմտությունների»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ «Քվանտա» ծրագիրը կոչված է հենց այս նպատակի իրագործմանը, որը գալիս է առաջարկելու նոր հնարավորություններ ապագայի տեխնոլոգիաների ոլորտում:
Խոսելով քվանտային տեխնոլոգիաների կարևորության մասին՝ նախարարը հատկապես ընդգծել է մարդու նորարար միտքը, նշել, որ այս տարիների աշխատանքը մեծագույն ներդրում է այս մասնագիտության մեջ, որովհետև հենց մասնագիտական բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցող մարդիկ են կերտելու Հայաստանի ապագան:
Հայրապետյանն ընդգծել է, որ այս ծրագիրն ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ կա գրագետ մոտեցում, երբ կա բովանդակություն և դրա շուրջ համախմբված են ճիշտ մարդիկ՝ ի դեմս գիտական թիմի, որակյալ կրթական ծրագիրը միշտ պահանջարկ ունի։ Նախարարը բարի երթ է մաղթել «Քվանտա» ծրագրին, ևս մեկ անգամ շնորհավորել շրջանավարտներին և վստահություն հայտնել, որ նրանց մեծ հաջողություններ են սպասվում քվանտային աշխարհում և որ ձեռք բերված գիտելիքները, փորձը նրանք օգտագործելու են հանուն մեր երկրի տնտեսության հզորացման:
Շրջանավարտների ավարտական դիպլոմները հանձնել են ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել Մխիթար Հայրապետյանի, Գևորգ Մելիքսեթյանի և Հայկ Սարգսյանի ջանքերով:
«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագիրն իրականացնելու համար ստեղծել է «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկը:
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել ստարտափներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:
2022-2024 ուսումնական տարվա ընթացքում՝ կենտրոնում դասավանդելու նպատակով, արտերկրից հրավիրվել են 10, իսկ ՀՀ բուհերից՝ 7 դասախոս: Այս պահին կենտրոնն ունի 10 շրջանավարտ և 11 ուսանող:
2025 ուսումնական տարվանից «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը մագիստրոսական ծրագիրը կիրականացնի Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ: