«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին անհանգստացնում է ՔՊ իշխանության ներսի կոռուպցիան. նա կուսակցության ակտիվի նիստում Սյունիքի մարզում կատարվողի մասին հանդես է եկել զեկույցով:
«Մեզ պատերազմում կրած պարտությունը ներել է մեր ժողովուրդը, մեր շատ սխալների վրա աչք է փակել, ոչ պրոֆեսիոնալ քայլերի համար չի դատապարտել, բայց կուռուպցիայի համար ժողովուրդը մեզ չի ների»: Մոտավորապես այսպիսի խոսքերով է սկսել իր զեկույցը ՔՊ ակտիվի դռնփակ նիստում ԱԺ կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
Նրան շատ է մտահոգում, որ թեեւ 2022 թվականի օգոստոսին պարզ դարձավ, որ ՀՀ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն ձեռք է բերել 21,875 տոկոս բաժնեմաս, բայց ՀՀ հպարտ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխել դա: Պատգամավորն ասել է, որ փոխարենը հարստանում են ՔՊ-ական կամ նրանց հարող պաշտոնյաները:
Նարեկ Ղահրամանյանը հնարավորինս փաստարկված հայտարարել է, որ երբ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր բաժնետոմսերի կառավարումը հանձնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), Սյունիքում բոլորը տեսան, թե ինչպես նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որ շարքային աշխատակից էր, սկսեց հարստանալ իրենց աչքի առջեւ:
Նույն Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենայի համարանիշները ոչ պակաս թանկարժեք են՝ 01JO001. այն արժե գրեթե 3 մլն դրամից ավելի։ Իսկ նրա կինը Toyota Camry մակնիշի ավտոմեքենա է վարում, որի արժեքը մոտավոր 40 հազար ԱՄՆ դոլար արժե:
ՔՊ-ներսում քննարկվել է նաեւ, որ բացի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված շատ բարձր, սակայն բոլորից գաղտնի պահվող աշխատավարձից, Բաբայանը եկամուտներ է ստանում նաեւ «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, փաստացի իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ, Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու եւ շահելու նպատակով:
Հավելենք, որ թեեւ ԱՆԻՖ-ի անփառունակ լուծարումից հետո ԶՊՄԿ-ի Կառավարության մասնաբաժնի կառավարումը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին է անցել, բայց փաստացի իրավիճակի տերը նույն Նարեկ Բաբայանն է, որը նաեւ ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Բաբայանից կատարվածի մասով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները՝
1. ճի՞շտ են այս տեղեկությունները, որ Դուք թաքցրել եք Ձեր աշխատավարձի իրական թիվը:
2. Խնդրում եմ ասել՝ ինչ կապ կա Ձեր եւ «Նար-Ար» ընկերության միջեւ:
3. Ճի՞շտ է, որ Սյունիքի մարզում կատարված աշխատանքները այս ընկերության միջոցով Ձեր միջնորդությամբ են իրականացվել։
Նարեկ Բաբայանը, մեր հարցերին ի պատասխան, ասաց հետեւյալը.
«1) Մեքենան, որը հիմա վարում եմ, ծառայողական է, իմ սեփականը չէ:
Կինս սեփական մեքենա չունի, վարում է իմ մեքենան, որ Toyota Camry չէ, Raf4 է, որի շուկայական գինը 28-30.000 $ է։
2) Ես այդ կազմակերպության հետ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո կապ չունեմ:
Դուք կարող եք ինքներդ ճշտել` երբ է ստեղծվել այդ կազմակերպությունը, եւ որ թվից է աշխատում, ու ինչու է անունը այդպես:
3) Միջնորդության մասով կարող եք դիմել ՀՀ դատախազություն:
Ես վստահեցնում եմ, որ ես միջնորդություններ առհասարակ չեմ անում», – նշեց Բաբայանը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: