Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու

19 Դեկտեմբեր, 2024 09:35
«Փաստ». Դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անցնող տարվա տնտեսական դրական ցուցանիշները փորձագետները կապում են բացառապես արտաքին գործոնի հետ, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսումները, մեղմ ասած, դրական չեն: Հարկերի և տուրքերի բարձրացում, գնաճ, ինչը նպաստելու է քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացմանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ նախորդ երկու տարվա բարձր տնտեսական աճն արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով: «Այդ գործոնի ազդեցությունն այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած էապես նվազեց, և, ցավոք, մեր այն վատատեսական կանխատեսումները, որ կային, կյանքի կոչվեցին ողջ ծավալով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն էապես նվազում է արդեն երկրորդ եռամսյակից սկսած, և այս իշխանությունների խոստացած առնվազն յոթ տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենանք մոտ հինգ տոկոս տնտեսական աճ: Այդ հինգ տոկոս աճում էական մասնաբաժին ունի այդ թուլացող գործոնը:

Տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպի նվազումը հանգեցրեց նաև նրան, որ հարկային մուտքերն էապես թերակատարվեցին և շարունակում են թերակատարվել մոտ տասը տոկոսի շրջանակներում, նաև պետական բյուջեի ծախսերն են, ընդհանուր առմամբ, թերակատարվել միջինը տասը տոկոսով: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս տարվա տասն ամիսներին էական թերակատարումը վերաբերել է խոստացված կապիտալ ծախսերին, այսինքն՝ երկարաժամկետ տնտեսական էֆեկտ ունեցող ենթակառուցվածքներ, շինարարություն և այլն: Սրանք փաստերն են, որոնց վրա հիմնվելով` օրվա իշխանությունները հաջորդ տարվա պետական բյուջեում նախանշել էին սկզբում 5,6 տոկոսանոց աճ, իսկ երկու շաբաթ անց, երբ պետական բյուջեն վերջնական պետք է հաստատվեր, տնտեսական աճի ցուցանիշն իջեցրեցին 5-5,1 տոկոս:

Հաջորդ տարվա նույնիսկ 5,1 տոկոսանոց աճը խիստ խնդրահարույց է կատարման տեսանկյունից, որովհետև միտումները, որոնք արդեն իսկ արձանագրում ենք հիմա, բավականին վատատեսական են հաջորդ տարվա համար: Երկրորդը՝ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մասնավորաբար՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են էլ ավելի ցածր տնտեսական աճ նույնիսկ լավագույն սցենարով, ինչը դրված է պետական բյուջեի հիմքում: Սա է պատճառը, որ շատ համեստ ցուցանիշներ ունենք հաջորդ տարվա բյուջեում եկամուտների իմաստով, դրան գումարած՝ ունենք փաստացի արձանագրում, որ հաջորդ տարի չի լինելու նվազագույն աշխատավարձի, սոցիալական, աղքատության նպաստների և կենսաթոշակների բարձրացում: Բայց փաստացի հաջորդ տարի գնաճային էական ճնշումներ կան, և նույնիսկ Կենտրոնական բանկը կանխատեսում է միջին գնաճ հինգ տոկոսի շրջանակներում:

Նաև մակրոտնտեսական միջավայրի փոփոխությունը, այդ թվում՝ օտարերկրյա տրանսֆերտների նվազումը բերելու է ազգային արժույթի արժեզրկման էական ռիսկեր և, դրանով պայմանավորված, գնաճ: Դրան էլ գումարենք նաև, որ հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա էապես ավելանալու է հունվարի 1-ից, կրկնապատկվելու է շրջանառության հարկի դրույքաչափը, դա ևս գնաճային գործոն է, դրան գումարենք նաև աշխարհաքաղաքական վայրիվերումները, որոնք էական ռիսկեր են և կարող են հանգեցնել նախ և առաջ առաջին անհրաժեշտության, պարենային անվտանգության նշանակության ապրանքների թանկացման: Այս բոլորի ֆոնին իրական գնաճն առկա է լինելու, ուստի պարզ է եզրահանգումը, որ հաջորդ տարի մեր սոցիալապես անապահով խավերն ու խմբերը ունենալու են իրական գնողունակության նվազում, պատկերավոր ասած՝ էլ ավելի վատ են ապրելու, քան այս տարի: Թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը չեն բարձրանում, իսկ գնաճը բերելու է փաստացի իրական գնողունակության նվազման», -«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Մեզ հետ ավելի վաղ զրույցներից մեկում նա «հարկային տեռոր» էր բնորոշել օրվա իշխանությունների վարվելիք հարկային քաղաքականությունը 2025 թ.-ին: Իշխանությունը դիմում է իր համար ոչ պոպուլ յար այս քայլին, քանի որ տնտեսությունը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ: «Անխոս լավ օրից չէ նման քայլեր անում: Օրվա իշխանությունը տեսնում է տնտեսական լրջագույն խնդիրները և նաև դրանցից բխող տնտեսական ակտիվության զսպումը, ապա խթանումը, այն, որ հարկային մուտքերի նույնիսկ նախատեսված ցուցանիշների պարագայում հնարավոր է ունենալ թերակատարում, դրա համար զարկ է տվել համապատասխան քայլերի երկու ուղղությամբ: Մեկը՝ հարկային բեռի ավելացում, երկրորդը՝ «հարկային տեռորի» դրսևորումներ:

Թիրախն օբյեկտիվորեն խոցելի ուղղություններն են՝ միկրոբիզնեսը, որի հարկային արտոնությունները վերացնում են, բեռն ավելացնում, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսը: Տեսնում ենք, որ մյուսներից՝ խոշոր բիզնեսներից ունեն քաղաքական նեղ շահ, և այնտեղ հարկերը հավաքվում են բարեգործական կոչված ճաշկերույթների սեղանների շուրջ: Դրան գումարած՝ բազմաթիվ ուղղություններ կան, որոնք անհրաժեշտ է ֆինանսավորել՝ սկսած ֆեյքերի ֆաբրիկաներից մինչև քաղաքական թաքնված նեղ նպատակադրումներ: Այդտեղ մեծ է ներքին ֆինանսավորման մասնաբաժինը: Ովքե՞ր են անում՝ թե՛ իրենց սրտի նոր օլիգարխները, թե՛ արդեն իրենց հետ համակերպված և գործող խոշոր բիզնեսները: Դրա համար էլ այդ ուղղությունը թե՛ «հարկային տեռորի», թե՛ հարկային բեռի ավելացման իմաստով որոշակիորեն ձեռնպահ է մնում», - նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ է, որ կառավարությունից և որոշում կայացնողներից շատերն այլևս ակնկալիքներ չունեն: «Քաղաքականությունը ևս տնտեսության հիմքն է: Տնտեսական աճի պարագայում հույսդ չպետք է դնես արտաքին պատահական գործոնների վրա: Մշտապես ասել էինք, որ այդ դրական ֆոնը պետք է կապիտալիզացվի: «Տաք» փողերը եկան Հայաստան, հիմա այդ էֆեկտը նույն արագությամբ դուրս է գալիս մեր երկրից՝ իր հետ բերելով լրացուցիչ դժվարություններ: Տարիների ընթացքում տեսանք ռազմական էսկալացիաներ, ռազմական բնույթի գործադրումներ, սպառնալիքներ հարևան այն երկրների կողմից, որոնց հետ այս իշխանությունները կեղծ խաղաղության օրակարգ են խաղում:

Օրինակ՝ չէին կարող անարձագանք մնալ ձախողումները. օրինակ՝ երբ թշնամին կրակում է օտարերկրյա ներդրումներով բացվող ձեռնարկության վրա, խոսքը Երասխի մասին է, կամ՝ պետականմասնավոր գործընկերությամբ «ԱՆԻՖ» հիմնադրամի միջոցով հայկական ավիաուղիների ձախողված նախագիծը, որի գործն արդեն հասել է միջազգային ատյաններ, և այսպես շարունակ կոռուպցիոն աճող ռիսկերը, «հարկային տեռորը» հանգեցրել են մի փաստի, որ այս տարի արդեն ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների «փախուստ» մեր երկրից: Մեր երկրից ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ գնացել են նույնիսկ պահպանվող բարձր տնտեսական աճի ֆոնին, քան եկել, բացասական է հաշվեմնացորդը: Այսինքն՝ ունենք կապիտալի «փախուստ» և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի էական նվազում, իսկ դրանք լրջագույն բացասական ցուցանիշներ են:

Արտաքին գործոնը թուլանում է դրական իմաստով, ներդրումները, որոնք հաջորդ տնտեսական փուլի աճի հիմքը պետք է լինեն, ավելանալու փոխարեն նվազում են, այսինքն՝ դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու՝ չհաշված տնտեսական անվտանգության աճող ռիսկերը, ներքին անկայունությունը, պահպանվող սոցիալական խնդիրների խորացումը, ինչու չէ, նաև ժողովրդագրական խնդիրները, որ արտագաղթի նոր ալիքի պատճառ են դարձել: Այս ամբողջը խիստ բացասական և, ցավոք, իրական գործընթացներ և միտումներ են: Հիմնական առանցքային բանաձևը հետևյալն է՝ ունենք անվերջ խոստումներ տվող և դրանց հակառակ վարքագիծ դրսևորող իշխանություններ», -եզրափակում է Թադևոս Ավետիսյանը»: 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին