«Մյուս հարցը՝ տարածաշրջանային կայունությունը: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին: Բազմիցս խոսել ենք, տեղյակ եք, որ փոխանցել ենք մեր հերթական խմբագրական առաջարկները, որոնցում բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փոխհամաձայնեցված տեքստն է:
Տարբեր շատ գործընկերներ տարբեր փուլերում ներկա են եղել այս գործընթացին, նկատի ունեմ, գործընկեր պետություններ, բայց ուզում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին այս գործընթացում, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին, և այս ամենի համար ևս ուզում եմ մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր:
Ամփոփելով՝ կրկին ասեմ, որ մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Համաձայնագիր, որով, ըստ էության, երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Մի փաստաթուղթ, որը, ի թիվս այլ բաների, սահմանում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանները. դրանք այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզման պահին երկու երկրների միջև»: