Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին:
«Մեծապես գնահատում ենք այն աշխատանքը, որ Ամերիկայի հայկական համագումարը կատարել է իր ստեղծման առաջին օրից: Դուք ամենադժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և հիմա շարունակում եք լինել:
Վստահ եմ, որ հետագայում ևս մեր համագործակցությունը շարունակվելու է, քանի որ մենք միասին շատ գործ ունենք անելու: Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հզոր, բարեկեցիկ Հայաստան, և նաև կարողանալ, մեր տեղը պահպանելով, տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի խոսքի համար՝ Թալին Յակուբյանը նշել է, որ իրենց համար ևս առաջնահերթություն է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Հանդիպման ընթացքում նախագահը հյուրերին է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկեր երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:
Հանրապետության նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի և կարևոր է ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը անմիջական մթնոլորտում պատասխանել է նաև հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների: