Կարևոր իրադարձություններ

Անկեղծությունն է բանալին. Հուսիկ Արայի՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»

10 Սեպտեմբեր, 2024 08:55
Անկեղծությունն է բանալին. Հուսիկ Արայի՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2017 թ.-ից կյանքի կոչված Գրքի երևանյան միջազգային փառատոնն այս տարի էլ երեք օր շարունակ իր շուրջը համախմբեց գրողներին ու ընթերցողներին: Քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ և գրական ստեղծագործությունների ընթերցումներ: Եվ սա ամենը չէ: Հաճելի հանգամանքներից մեկը նաև այն է, որ ընթերցողները հնարավորություն են ստանում իրենց սիրելի ու նախընտրելի գրքերը ձեռք բերել զեղչերով: Սա լավ հնարավորություն է հատկապես նրանց համար, ովքեր այդպես էլ չեն հարմարվում էլեկտրոնային տարբերակով գիրք ընթերցելու նորագույն տեխնոլոգիաներին և ցանկանում են շոշափել գիրքը, վայելել դրա բույրը: Այս տարի փառատոնի իրականացման հիմնական վայրերից մեկը Հայաստանի ազգային պատկերասրահն էր՝ Որմնանկարների սրահը:

Հետաքրքիր զգացողություն էր սրահում նստած ունկնդրել մեր ժամանակների հեղինակներից Հուսիկ Արային, երբ ներկաները խնդրեցին նրան ընթերցել իր իսկ ստեղծագործություններից մի քանիսը: Հուսիկ Արայի նոր՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքը հիմնականում ամփոփում է բանաստեղծի սիրային և հոգևոր թեմաներով գրված վերջին շրջանի բանաստեղծությունները: Այն նաև մի քիչ երևանյան է, քանի որ հեղինակը գրքում ներառել է «Երևան՝ նռնագույն քաղաք» շարքը: Սիրուց ծնված են Հուսիկի գործերը: Նա վստահ է՝ սերը մեզ հետ ծնվում է, մեզ հետ մեռնում:

Գուցե նաև չի մեռնում, այլ տեղափոխվում է մեկ ուրիշ աշխարհ: «Սերը վիճարկման տեղ չունի: Եթե մտածում ես՝ հայրենի՞քս, թե՞ սիրած էակս, ուրեմն չես սիրում»: Իսկ ինչպե՞ս են ծնվում սիրով լեցուն գործերը: «Ներսումդ պետք է փոթորիկ լինի, որ գրես: Առանց փոթորկի չի կարող ոչինչ գրվել: Պիտի քամի լինի, որ ջուրը շարժվի: Սերն էլ է փոթորիկ, ցավն էլ է փոթորիկ: Արցախի հայաթափումը, օրինակ՝ ստիպեց, որ ցավից գրեմ»: Ինչո՞ւ են ժամանակակիցներից ոմանց, այդ թվում՝ Հուսիկին շատ ընթերցում, սոցցանցերում կիսվում նրա տողերով: Նա վստահ է՝ պատճառն անկեղծությունն է: «Պետք է անկեղծ լինել: Ես իմ կյանքում էլ եմ անկեղծ ապրել, իմ գրի մեջ էլ եմ անկեղծ: Անկեղծությունն է բանալին: Ինչո՞ւ են մինչ օրս սիրում, ընթերցում Սայաթ-Նովային, Նահապետ Քուչակին: Նրանք սրտից են խոսում»: Ամենա-ամենա հարցերից մեկն է հնչում՝ ինչո՞ւ ենք քիչ կարդում: Հուսիկը վերհիշում է խորհրդային տարիները, երբ գրական ստեղծագործությունները նաև թերթերի միջոցով մտնում էին մարդկանց տներ, և նրանք կարծես ակամա ծանոթանում էին հեղինակներին ու նրանց ստեղծագործություններին, քանի որ թերթերից շատերն ունեին գրական անկյուններ:

«Շատերը կհիշեն, որ քաղաքի կենտրոնական, ամենաերևացող հատվածներում գրախանութներ էին: Գրախանութներ կային անգամ հեռավոր գյուղերում: Հիմա, ավաղ, այդպես չէ: Հայաստանում խոշոր քաղաքներ կան, որտեղ գուցե մեկ գրախանութ անգամ չկարողանաս գտնել, որտեղ գիրք է վաճառվում: Բայց սրան զուգահեռ նաև ավելի ազատ է գրականությունը, չկա գրաքննություն: Քիչ-քիչ ավելանում են նմանատիպ միջոցառումները, նման միջոցառումներ պետք է ամեն տարի անցկացվեն ու ոչ միայն Երևանում ու խոշոր քաղաքներում, այլ Հայաստանի ամեն մի անկյունում: Գրքեր ու հեղինակներ շատ կան, պետք է վերցնել ու կարդալ և համոզված եղեք՝ կգտնեք ձեր սիրելի պոետին»: Ու մինչ տաղավարներից մեկում Հուսիկ Արան մակագրում էր գրքերն ընթերցողների համար, երկու դպրոցահասակ աղջիկ, նրա գիրքը ձեռքներին, սպասում էին իրենց հերթին. «Գիրքն ընկեր Ղազարյանին եմ նվիրելու, գիտեմ, որ այս նվերը շատ կհավանի»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին