Կարևոր իրադարձություններ

Երևանի օդի աղտոտման սարսափազդու կոնցենտրացիան. «Փաստ»

10 Սեպտեմբեր, 2024 09:22
Երևանի օդի աղտոտման սարսափազդու կոնցենտրացիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շրջակա միջավայրի աղտոտման և մարդու առողջության վրա դրա ունեցած ազդեցության թեմաները մեծ կարևորություն են ձեռք բերել։ Բայց Հայաստանում այս թեման հաճախ կա՛մ անտեսվում է, կա՛մ բարձրաձայնվում է շահարկումների մակարդակով, իսկ պաշտոնական մակարդակով ձեռնարկվող քայլերն ուղղակի թերի են։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մայրաքաղաքում օդն աղտոտված է, իսկ փոշու թույլատրելի մակարդակը չափազանց բարձր է սահմանված նորմերից։ Աղտոտվածությունը մեծ վնաս է հասցնում Երևանի բնակչությանը, քանի որ հիվանդությունների ու առողջական խնդիրների առաջացման պատճառ է դառնում։

Ուշագրավ է, որ որոշ «բնապահպաններ» տարիներ շարունակ մեծ աղմուկ են բարձրացրել, որ օդի աղտոտվածությունը բարձր է հանքերի մոտակայքում, օրինակ՝ ԶՊՄԿ-ի կամ Թեղուտի հանքավայրերի շրջանում, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ այլ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում օդն անհամեմատ ավելի աղտոտված է, քան, ասենք, Լոռու կամ Սյունիքի մարզերում։ Ավելին՝ մասնագետներն ահազանգում են, որ մայրաքաղաքում օդն այնքան աղտոտված է, որ ծառերին ու քարերին նույնիսկ քարաքոս չկա։ Մյուս կողմից՝ օդի աղտոտվածության հարցն ավելի է բարդանում հատկապես Երևանում լայնածավալ շինարարության իրականացման պայմաններում։ Ու շինարարությունը շրջակա միջավայրի աղտոտման տեսանկյունից կատարվում է շատ փնթի կերպով։

Փոշու ամպեր են գոյանում ու տարածվում քաղաքով մեկ։ Դե, հսկողություն չկա, շինարարական ընկերություններն էլ ինչպես իրենց հարմար է, այնպես էլ աշխատանքներն իրականացնում են։ Անգամ երբ քաղաքի փողոցների ասֆալտն են քերում, որ հետո նորից լցնեն, մեծ փոշու քուլաներ են բարձրանում, իսկ երբ ավտոմեքենաներն էլ անցնում են ճանապարհով, շրջակա տարածքներն ուղղակի կորչում են փոշու մեջ։ Մեծաքանակ տրանսպորտի գերկենտրոնացումը մայրաքաղաքում նույնպես էապես նպաստում է օդի աղտոտվածությանը, քանի որ մեծ քանակությամբ վնասակար գազեր են արտանետվում, որը շնչում են բնակիչները։ Իսկ այս խնդիրը լուծելու համար քայլեր են պետք քաղաքն ապակենտրոնացնելու ուղղությամբ, երբ տրանսպորտի հոսքը տարբեր ուղղություններով կբաշխվի, կկառուցվեն այլընտրանքային ճանապարհներ, իսկ քաղաքը կբեռնաթափվի։ Օդի աղտոտումը նվազեցնելու տեսանկյունից կարևոր է նաև էլեկտրամոբիլների ձեռքբերումը և օգտագործումը խրախուսելը։

Որոշակի արտոնություններ, իհարկե, տրամադրվել են, սակայն էլեկտրամոբիլների թվի ավելացման համար պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն։ Օրինակ՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերը շատ քիչ են մայրաքաղաքում ու հանրապետությունում ընդհանրապես։ Ճիշտ է, օրինակ՝ Team Energy-ն բավական մեծ ցանց է ստեղծել հանրապետությունում, ինչը մեծ խթան է էլեկտրամոբիլների քանակն ավելացնելու ուղղությամբ, սակայն միայն մեկ կազմակերպության ուսերին այս ամենը թողնելը լավագույն ճանապարհը չէ: Հանրային տրանսպորտի հատվածում ևս նախընտրելի է ներդնել էլեկտրական մեքենաներ, ավելացնել տրոլեյբուսների քանակը։ Օգտակար կլինի նաև մետրոյի թողունակության ավելացումը և նոր կայարանների ստեղծումը։

Քաղաքի կանաչապատումը ևս իր նպաստը կարող է բերել օդի աղտոտվածության նվազեցման ու թթվածնի մակարդակի ավելացման հարցում։ Բայց քաղաքի ծառային զանգվածն անընդհատ փոքրանում է։ Մայրաքաղաքում և շրջակա տարածքում կուտակվող աղբը ևս օդի աղտոտմանը նպաստող գործոն է։ Բնակարանների կամ օֆիսային շենքերի մոտ աղբն առանց տեսակավորվելու կուտակվում է, երկար ժամանակ հոտն ընկնում է տարածքով մեկ մինչև կտեղափոխվի։ Բացի այդ, խոշոր աղբավայրերն արդեն լցվել են։ Ու եթե դրանցից մեկում հրդեհ է բռնկվում, ապա ծուխը, աղտոտող գազերն ու գարշելի հոտը տարածվում են քաղաքով մեկ։ Նախ՝ անհրաժեշտ է աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում, որ չաղտոտեն քաղաքը, մյուս կողմից էլ՝ աղբահանությունը շատ արդյունավետ իրականացվի, ու աղբն էլ տեսակավորվի, ինչպես կատարվում է բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում։

Վերջապես, Հայաստանում միշտ ակտուալ է եղել աղբի վերամշակման հարցը։ Որպես կանոն՝ քաղաքային գրեթե բոլոր իշխանությունները տարբեր տարիների հանդիպումներ են կազմակերպել աղբահանության ոլորտում փորձ ունեցող արտասահմանյան մասնագետների կամ ներդրողների հետ, խոսվել է աղբավերամշակման գործարան ունենալու անհրաժեշտության մասին, ու ամեն անգամ թեման այդպես էլ մնացել է խոսակցության մակարդակի։ Ի հավելումն՝ եթե կարողանանք օդի մաքրության հարցը լուծել, ապա նաև զբոսաշրջային լուրջ հոսք կունենանք։ Մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները նկատի են ունենում նաև աղտոտման հանգամանքը»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին