Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համագործակցելով ԱՄՆ անտառային ծառայության (US Forest Service) հետ, սեպտեմբերի 10-13-ը Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրում անցկացրեց չորսօրյա ինտենսիվ դասընթաց՝ նվիրված անտառային հրդեհների կանխարգելմանն ու արագ արձագանքմանը:
Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման ոլորտում: Դասընթացը վարեցին ԱՄՆ անտառային ծառայության (U.S. Forest Service) փորձառու մասնագետները:
Դասընթացին մասնակցեցին ավելի քան 40 ներկայացուցիչներ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ-ից, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունից, Թրեյլս ֆոր չեյնջ ՀԿ-ից, ինչպես նաև՝ FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները։
Ծրագիրը ներառել է հետևյալ հիմնական թեմաները՝
Վայրի տարածքների հրդեհների հիմնական հասկացություններ
Միջադեպերի կառավարման համակարգի հիմնական սկզբունքներ
Ավազե սեղանի վարժություն․ Սիմուլյացիոն վարժանք, որի ժամանակ մասնակիցները մոդելավորում են իրական իրավիճակներ և մշակում ռազմավարություններ փոքր մասշտաբի մոդելների վրա՝ ավազե սեղանի օգնությամբ:
ICS ձևաթղթերի լրացում․ Մեթոդաբանություն, որը թույլ է տալիս կարգավորել բարդ իրավիճակները և արդյունավետորեն կառավարել հրդեհները։ Այս մոտեցումը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում և հաջողությամբ կարող է կիրառվել Հայաստանում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) բացառիկ միջավայրում: Նրանք իրականացրեցին դաշտային աշխատանքներ, գնահատեցին հրդեհի վարքագիծը տարբեր տեղանքներում և կիրառեցին հրդեհաշիջման սարքավորումներ: Մասնակիցները դասընթացի նման կառուցվածքը շատ արդյունավետ համարեցին, քանի որ հնարավորություն ունեցան տեսական դասի ընթացքում սովորած գիտելիքները կիրառելու տեղում ։
Դասընթացին այցելեցին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, որոնք բարձր գնահատեցին միջոցառման կարևորությունը և որակը:
Դասընթացի ավարտին 40-ից ավել մասնակիցները ստացան վերապատրաստման վկայագրեր: Ձեռք բերված գիտելիքները և հմտությունները կօգնեն մասնակիցներին ավելի արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ և կիրառել միջազգային լավագույն փորձը Հայաստանում:
FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծեց. «Այս դասընթացը կարևոր քայլ է Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի ոլորտում: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ անտառային ծառայությանը՝ իրենց փորձը մեզ հետ կիսելու համար: Սա միայն սկիզբն է, և մենք ակնկալում ենք շարունակել ու ընդլայնել մեր համագործակցությունը»:
ԱՄՆ անտառային ծառայության Եվրոպայի և Եվրասիայի համակարգող Մեթյու Ուիլսն ավելացրեց. «Մենք տպավորված ենք հայ մասնագետների նվիրվածությամբ և ոգևորությամբ: Վստահ ենք, որ այս դասընթացը կնպաստի Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը»: