ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լուրեր․քոմ կայքը, որը դատարանի որոշմամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ինձ զրպարտող նյութի հերքում էր հրապարակել, այժմ էլ փորձ է կատարում ինձ մեղադրել եկամուտներ թաքցնելու կամ իր ձևակերպմամբ «կասկածելի ցածր գնով այգետնակ ձեռք բերելու» մեջ՝ այն դեպքում, երբ այն ձեռք ենք բերել բանկից՝ հիպոթեքային վարկավորման միջոցով։
Հավանաբար նրանց զարմացրել է այն փաստը, որ ԱԺ նախագահի տեղակալը կարող է 500մ հողամասի վրա ոչ թանկարժեք ու ոչ շքեղ այգետնակ գնել։ Այն ինչ նկարում տեսնում եք հարևանների օգնությամբ ենք բարեկարգել։ Այգետնակը թալանված էր ու երկար տարիներ չէր օգտագործվել։
Սրան չէի անդրադառնա, եթե մեր հասարակությունը զգայուն չլիներ նման հարցերի նկատմամբ։ Որպես պետական պաշտոն զբաղեցնող անձ՝ կարևոր եմ համարում, որ մեր հասարակության առաջ իմ գործունեությունը լինի բաց ու թափանցիկ, սակայն զրպարտող լրատվական կայքերի ֆունկցիան այդ վստահությունը թուլացնելու և ապօրինի ծագման գույքի հետևից գնալու մեր քաղաքական հանձնառության արժեզրկելուն է միտված։
Ապօրինի ծագման գույքի ու միջոցների՝ պետությանն ու ժողովրդին վերադարձնելու գործընթացն անկասելի է, և ունի հետևողական ու շարունակական ընթացք։ Հուսամ, որ մեր իրավապահ համակարգն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս հարցում։ Այս մասին դեռ առիթ կունենանք խոսելու դատախազության՝ ԱԺ հաղորդման շրջանակներում։
Բոլորիդ լավ օր եմ մաղթում»։