Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի սննդի պատշաճ տրամադրմանն առնչվող հարցեր

19 Սեպտեմբեր, 2024 18:26
Քննարկվել են ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի սննդի պատշաճ տրամադրմանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման խորհրդական Ֆիլիպ Մեյսներն ու փորձագետ Վերա Տկաչենկոն։ 

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում են քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։ 

Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Շանթ Աբու Շամը։

Հյուրերին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները։  

Զրուցակիցներն անդրադարձել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներին։  

Քննարկվել են դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի սննդի, բուժօգնության և փաստաբանական ծառայությունների պատշաճ տրամադրմանն առնչվող հարցեր։ 

Պաշտպանի ներկայացուցիչները նշել են, որ վերոնշյալ խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։ 

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության և բովանդակալից քննարկման համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին