«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ես ընդամենը հանգիստ կյանք եմ ուզում, իսկ ինձ ասում են՝ չէ, դու դրա իրավունքը չունես, քանի որ երկիրդ խրված է հոգսերի ու ցավերի մեջ։ Ասում եմ՝ ախր առանց այդ էլ ամբողջ երիտասարդությունս, ապրածս կյանքը տվեցի երկրին՝ մի բուռ հանգստության համար, մի քիչ մարդավայել կյանքի համար, հիմա ինչի՞ չունեմ իմ վաստակը»։
«Մյուսների համար ուղղակի դրվագ է»,-ասում է նա: Մեջբերում է վիճակագրությունը. ամեն տարի Հայաստանում մոտ 2500 գիրք է տպագրվում, օրական միջին հաշվով վեցից յոթ գիրք: «Գիրքը իրադարձություն կարող է դառնալ այն դեպքում, երբ ընթերցողը կգնահատի այն կամ չի գնահատի: Այս պահից սկսած՝ այս գիրքը այլևս իմը չէ, այլ ձերն է: Գրքի ճակատագիրը դուք եք որոշում: Այդ իմաստով ես և՛ կախման մեջ եմ ձեզանից, և՛ նաև զգացված պետք է լինեմ, եթե ուշադրություն դարձնեք նրան»: Հեղինակը նաև նշում է, որ ավարտելուց հետո երբեք իր գրքերը չի կարդում: «Եթե սկսեմ կարդալ, քանդուքարափ կանեմ, վախենում եմ ձեռք տալ: Իմ մտերիմները գիտեն, որ գիրքն ավարտելուց հետո բոլոր ձեռագրերն այրում եմ, իրենից որևէ հիշողություն չպետք է մնա, որպեսզի չխանգարի հաջորդին»: Հեղինակներին ամենաշատ տրվող հարցերից մեկը կանխեց նա՝ ինչի՞ մասին է գիրքը:
«Ե՛վ գիտեմ, թե ինչի մասին է գիրքը, և՛ չեմ ուզում այդպես ներկայացնել: Ինձ համար գիրքը մասին չի լինում: Գիրքը կարող է լինել ինչ-որ բանի համար, ինչ-որ բանի նպատակով, ինչ-որ բանի ուղղված: «Մասինը» մի քիչ սյուժետային դրսևորում է, գիրքն իմ մասին է, ձեզանից յուրաքանչյուրի, փողոցում քայլող ամեն մի անցորդի, մեր աշխարհի ու մեր երկրի մասին է: Մեր ժամանակներն ու մեր օրերն են գրքում, նաև ժամանակի երեք չափումները՝ անցյալը, ներկան, ապագան: Այս գրքում մարդիկ են, որոնց նկատմամբ հեղինակը ո՛չ համակրանք ունի, ո՛չ հակակրանք»,-ընդգծում է նա: Նշում է՝ եթե ընթերցողը գրքի հերոսների տեսքով ինչ-որ մարդկանց նախատիպեր գտնի, ապա նա չի հերքի այդ փաստը, ուղղակի կնշի՝ ցանկացած համընկնում պատահականություն է: «Կտեսնեք իրադարձություններ, որոնց մասնակից եք եղել, բայց ես կրկին կասեմ, որ դա պատահականություն է, որովհետև կյանքում ամեն ինչ շրջանաձև պտտվում է բոլոր ժամանակների մեջ: Իմ գրքում ոչ թե պարտություն, այլ նահանջ կա:
Բայց այդ նահանջն առողջացնող նահանջ է ու դադար, որը մեզ թույլ է տալիս մեկ անգամ էլ վերանայել այն ճանապարհը, որ մենք անցանք, հասկանալ, թե որտեղ վրիպումներ թույլ տվեցինք, որտեղ էին մեր սխալները, որտեղ էին փլուզումների ու աղետների պատճառները: Երբ ջրերը կուտակվում են, հետո գալիս է մեկ կաթիլ, որը վերածում է ավերիչ հեղեղի, այն սրբում, տանում է ամեն ինչ: Բայց այդ մեկ կաթիլը երբեք չի մտածում, որ մեղավորը ինքն է եղել: Երբեմն մենք ենք այդպես ապրում: Երբեմն ասում ենք, որ մեր փոքրիկ արարքները, գործողությունները որևէ անդրադարձ չեն կարող ունենալ գլոբալ իրադարձությունների վրա, բայց ունենում են: Որքանո՞վ ենք կարողանում ընդունել մեր մասնակցությունն այդ ամենին: Դրա համար մեր երկիրն անավարտ է մնում: Մենք սիրում ենք մեր երկիրը, պատեր ենք շարում, բայց այդ պատերը փլուզվում են, որովհետև պարզվում է, որ սխալ շարեցինք, չլսեցինք մեկս մյուսին, համերաշխ չեղանք այդ տունը կառուցելիս»:
Հեղինակը երեք ու կես տարի գրել է այս վեպը: «Եթե հիմա այդքան հետ գնանք ու հիշենք, թե ինչ ժամանակներ էին, կհասկանաք, թե ինչ ասել է գիրք գրել: Ամեն առավոտ արթնանում ես, անիծում քո կյանքը, քո ժամանակը, մտածում՝ ո՞ւմ համար գրեմ այս գիրքը, ինչի՞ համար, երբ աչքիս առաջ այսպիսի ողբերգություններ ու աղետներ են կատարվում»: «Փաստի» դիտարկմանը, թե ո՞րն էր այդ ծանր օրերում հեղինակի ուժի աղբյուրը, նա այսպես է արձագանքում. «Վերջին տարիներին մեծագույն էներգիայի աղբյուր ունեմ՝ իմ թոռներն են: Ամեն օր՝ առավոտից մինչև երեկո, նրանց ներկայությունն ապրեցնում է, հույս ներշնչում, որ ամեն բան կարգավորվելու է: Շատ կառչած եմ այդ հույսից, նրանցից, նրանց մեջ եմ տեսնում ցանկացած լավ բանի շարունակականություն»: Բազմաթիվ հարցերին զուգահեռ նաև գրական միջավայրին վերաբերող հարց է հնչում: