«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ աշխույժ երեխա էր մանկության տարիներին: Շատ եմ կարոտում հենց այդ տարիները: Սիրում էր սպորտը: Գյուղում մարզադպրոց չունեինք, ու Վահեն մեր տան բակում ամեն հարմարանք ստեղծել էր և ինքնուրույն մարզվում էր: Եվ երբ արդեն ծառայում էր բանակում, պարգևատրվեց «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։ Աշխույժ էր, չարաճճի:
Վահեն իմ ավագ որդին է, երկու տղա էլ ունեմ, գուցե իր հանդեպ մի քիչ ավելի խիստ էի: Երբ պատերազմի ժամանակ զրուցում էինք, չգիտեմ էլ՝ ինչու, հիշեցի իմ խստությունը և ասացի իրեն. «Վահե՛ ջան, կարծես ինքս ինձ մեղադրեմ, որ քո հանդեպ շատ խիստ եմ եղել, բայց ուզում էի, որ լավ դաստիարակություն ունենաս, լավ մարդ դառնաս»: Ասաց. «Մա՛մ ջան, դու ինձ ճիշտ ես դաստիարակել, լավ ես արել, որ խիստ ես եղել, դրա համար լավ մարդ եմ դարձել»: Դա Վահեիս հետ երևի թե վերջին զրույցներից է եղել», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն` Վահեի մայրիկը։
Վահեն ծնունդով Տավուշի մարզի, ինչպես ընդունված է ասել, սահմանապահ Մովսես գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, դպրոց է հաճախել: Մայրիկն ասում է՝ փոքրուց տիրապետում էր զենքի օգտագործման բոլոր կանոններին: «Դպրոցում իրեն տանում էին մրցումների, իսկ 15 տարեկանում ստացավ «Պատանի երկրապահի» սերժանտի կոչում Մանվել Գրիգորյանի կողմից: Դպրոցական առարկաներից հիմնականում սիրում էր պատմողականները: Ուսուցչի պատմածը մեկ անգամ լսելով՝ կարող էր նյութը ներկայացնել»:
Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վահեն տեղափոխվում է Մոսկվա: «Հյուր էր գնացել, հետո որոշեց մնալ մեր հարազատների մոտ, աշխատել: Մեզ համոզեց, որ ցանկանում է մնալ: Միշտ ասում էր՝ պետք է աշխատեմ, ձեզ էլ ինչ-որ բանով օգտակար լինեմ, մեր կյանքն էլ ավելի բարեկեցիկ դարձնեմ»: Տիկին Գայանեն նշում է՝ որդին ընկերասեր էր, միշտ թույլերի կողքին, պաշտպանում էր բոլորին: «Շատ էի ուրախանում, երբ իր բնավորության մեջ տեսնում էի այս գծերը, ասում էի՝ իմ տղան լավ մարդ է մեծանում, բայց չգիտեի, որ իր կյանքն այդքան կարճ կլինի»:
2019 թ. հունվարին Վահեն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամաս: Վահեն հրետանավոր էր: «Հայրիկը միշտ իրեն ասում էր՝ ուզում ես Մոսկվայում աշխատել, լավ, բայց քո ժամանակին պիտի նաև ծառայության մեկնես: 2018 թ. սեպտեմբերին վերադարձավ, հոկտեմբերին 18-ամյակը լրացավ: Երևանում էր աշխատում, ասում էր՝ չեմ կարող նստել ու սպասել, որ ծնողներս ինձ գումարով ապահովեն: Աննկարագրելի աշխատասեր էր: Երևանում մի քանի ամիս աշխատեց, իսկ հունվարին մեկնեց ծառայության: Իր տարիքից ավելի հասուն էր, կարծես արագ մեծանար, մայրս միշտ ասում էր՝ Վահեն իր տարիքից շուտ է մեծանում, ինչո՞ւ է շտապում»:
Ծառայության ընթացքում Վահեն աչքի է ընկել կարգապահությամբ և օրինակելի ծառայության համար պարգևատրվել նաև պատվոգրերով։ «Ծառայության ընթացքում երեք անգամ եկել է արձակուրդ: Իրեն շատ լավ էր զգում, ոչ մի բողոք չի ունեցել, իր ծառայությունը լավ է անցել: Միշտ հիշում եմ, որ մրցումների էր մասնակցում, ակտիվ էր շատ: 2020 թ. օգոստոսն էր, զանգեց. «Մա՛մ, քո համար մի բան եմ ուղարկում զորացրվող ընկերներիս հետ»: Պատվոգիր էր, Արցախում զորավարժություններ էին եղել, մասնակցել էր դրանց որպես լավ նշանառու, նույնիսկ «Զինուժով» իրեն ցույց են տվել, այդ հատվածը կա, կրծքանշաններն էր ուղարկել: Անգամ իրեն ասացի՝ մի քանի ամիս է մնացել ծառայությանդ ավարտին, կբերեիր քեզ հետ: Բայց հիմա մտածում եմ՝ եթե այն ժամանակ չուղարկեր, փաստորեն, ոչինչ մեզ չէր հասնելու: Երբ ամուսինս Արցախ էր գնացել, մտել Ցորի զորամաս, Վահեի նկարը լավագույն մարզիկների շարքում փակցված էր եղել, այդ նկարը ևս բերել էր»: 2020 թվականին սկսվում է 44-օրյա պատերազմը: «Համարյա ամեն օր խոսել ենք, բայց մի քանի րոպեով, ասում էր՝ երկար չի կարելի: Հարցնում էի՝ ո՞նց ես, ինձ համար կարևոր էր իր ձայնը լսելը: Երկրորդ հարցս էր՝ Ռուբենը ո՞նց է: Ռուբենն իր մտերիմ ընկերն էր: Միշտ ասում էր՝ մա՛մ ջան, Ռուբենն էլ է լավ: Հետո արդեն երբ զրուցում էինք, չէր սպասում, որ Ռուբենից հարցնեմ, միանգամից ասում էր՝ մա՛մ, Ռուբենը լավ է»:
Վերջին զրույցը Վահեի հետ եղել է հոկտեմբերի 10-ին՝ նրա ծննդյան օրը: «Երեկոյան ենք զրուցել ու բավականին երկար: Ասացին՝ զինադադար է: Տղաները պատմում էին, որ Վահեն, չգիտես՝ որտեղից, մի հավ էր գտել, խորովել: Հնարամիտ էր, կարողանում էր տարբեր իրավիճակներից հեշտությամբ դուրս գալ: Երևի գյուղում ապրելն էլ իր դերն ուներ: Այդ օրը բավականին երկար զրուցեցինք, բարձր տրամադրություն ունեին, կատակներ էին անում: Դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, ամբողջ ցերեկն իրեն զանգահարել եմ, չէր պատասխանում, գիշերը՝ ժամը 02:58-ին հաղորդագրություն է գրել, որը պահում եմ. «Մա՛մ ջան, հեռախոսս էր անջատվել, ամեն ինչ լավ է»: Շատ ժամանակ անց, երբ արդեն ծնողների հետ զրուցում էինք, փաստերը համադրում, պարզվեց, որ այդ գիշերն Արա լեռում են եղել, առաջադրանք են կատարել: Մեզ ոչինչ չի ասել, միշտ ասել է՝ հեռու ենք ու վերջ: Դժվարությունների մասին երբեք չի խոսել: Մեզ մեղավոր ենք զգում, որ մեր երեխաներն այնտեղ էին, իսկ մեզ հեռուստացույցով խաբում էին, որ «առաջ ենք գնում»: Մեր շրջանում կամավորական ջոկատները հավաքներ էին անում, բայց եթե կարիքը կար, հայրիկը կգնար, Վահեիս կողքին կլիներ, և շատ հայրիկներ նույնը կանեին»:
2020 թ. սեպտեմբերի 27-ից, որպես 1-ին հրետանային դասակի 2րդ հրանոթի նշանառու, Վահեն ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների թեժ կետերում՝ Վազգենաշենում, Հադրութի 9րդ կմ կոչվող տարածքում, Ջուվառլուում և այլուր։ Նրա ճշգրիտ հաշվարկի ու նշանառման շնորհիվ մարտկոցը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, անվավոր տեխնիկայի, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։
Ցորի 21 հրետանավորներն անմահացել են հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տարածքում՝ թշնամու հատուկ նշանակության խմբերի հետ անհավասար մարտում, սակայն դրսևորելով անասելի խիզախություն՝ հավատարիմ են մնացել իրենք իրենց երդմանը՝ պայքարել մինչև վերջ և չլքել մարտի դաշտը: 2021 թ. նոյեմբերի 2ին Վահեի և նրա մարտական մի քանի ընկերների աճյուններն ադրբեջանական կողմը փոխանցեց հայկական կողմին։ Տղաների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021 թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Որոնողական աշխատանքների ժամանակ գտնվում է նաև Վահեի գոտին, որը փոխանցում են ընտանիքին: Տիկին Գայանեն ասում է՝ հիմա այն Մովսես գյուղի Մշակույթի տանն է, որտեղ հերոսների սենյակ կա:
Ապրելու ուժի մասին: «Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է: Պետք է այնքան ուժեղ լինենք, որ տեսնենք նրանց պատիժը, ում մեղքով մեր տղաների հետ սա պատահեց: Մեր տղաները մեր հողի համար են պայքարել, բայց հիմա մտածում եմ՝ այդ հողն ո՞ւմ տվեցին, բա այդ հողը նվեր տա՞ն թուրքին»:
Հ. Գ.- Վահե Պապյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Մովսեսի գերեզմանատանը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։