Կարևոր իրադարձություններ

Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը

04 Փետրվար, 2025 23:42
Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը

Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել է հասարակական կազմակերպությանը տրամադրել տեղեկություններ, թե 2024թ. հունիսի 12-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած հավաքի շրջանակներում Ոստիկանության զորքերի քանի զինծառայող է զեկուցել կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ, յուրաքանչյուր զինծառայող քանի հատուկ միջոց է գործադրել և ինչ հատուկ միջոցներ են գործադրվել: Այս տեղեկությունները ՆԳՆ-ն չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե քրեական վարույթ է նախաձեռնված Այս մասին գրում է Հետքը:

2024թ. հուլիսի 16-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը գրավոր հարցում է ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով տրամադրել վերը նշված տեղեկութունները: ՆԳՆ-ն պատասխան գրությամբ նշել է, որ մատնանշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ուստի համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար պետք է դիմել քննչական մարմին:

ՀԿ-ն նշված պատասխանը դիտարկել է որպես տեղեկատվության տրամադրման մերժում և դիմել Վարչական դատարան: 

Դատարանում հիմնավորվել է, որ նախորդ տարիներին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հավաքների ժամանակ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այդ թվում կիրառված հատուկ միջոցի քանակի, տեսակի և այն գործադրած և զեկուցագիր ներկայացրած ոստիկանների թվի վերաբերյալ, անկախ քրեական վարույթ նախաձեռնված լինելու հանգամանքից, տրամադրվել է Ոստիկանության կողմից: Որպես ասվածի ապացույց ներկայացվել են մի շարք գրությունների պատճեններ, որոնք վերաբերել են 2016թ. հուլիսին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքների ընթացքում Ոստիկանության զորքերի կողմից կիրառված հատուկ միջոցների, դրանց վերաբերյալ զեկուցած ոստիկանների վերաբերյալ տեղեկություններին, նույն դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումների պատճենները: Հետևաբար, դիտարկվել է, որ ՆԳՆ-ն որևէ իրավաչափ հիմնավորում չի ներկայացրել հայցվող տեղեկությունը չտրամադրելու առնչությամբ:

Բացի այդ, նշվել է, որ Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ժամանակ Ոստիկանության զորքերի կիրառած հատուկ միջոցների տեսակի և քանակի, դրանք կիրառած ծառայողների զեկուցման վերաբերյալ տեղեկությունը հանրային կարևորության և նշանակության տեղեկություն է, վերաբերում է հավաքի մասնակիցների իրավունքներին և պետական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության գործառույթներին և դրանց իրավաչափությանը, հետևաբար պահանջված տեղեկատվությունը ենթակա էր տրամադրման:

ՆԳՆ-ն դատարանում փորձել է հիմնավորել չտրամադրման պատճառները: Մասնավորապես՝ նշել են, որ չէին կարող տրամադրել որևէ տեղեկատվություն, քանի որ առկա է քրեական վարույթ, և նշված տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, հետևաբար խնդրել են ՀԿ-ի ղեկավարին դիմել քննչական մարմնին:

Սակայն, Վարչական դատարանի համար համոզիչ չեն եղել պետական մարմնի փաստարկները: Դատարանը փաստել է, որ ՆԳՆ-ի կողմից ոչ հայցադիմումի պատասխանին կից, ոչ էլ գործի քննության ընթացքում չեն ներկայացվել ապացույցներ քննարկվող դեպքով քրեական վարույթ նախաձեռնված լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Դատարանը գտել է, որ ՀԿ-ի հայցած տեղեկատվությունն ընդհանրական բնույթի է, իսկ նախարարությունը հանդիսանում է հայցված տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտ: Չի հիմնավորվել, որ հավաքի շրջանակներում Ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ զեկուցումների, յուրաքանչյուր զինծառայողի՝ հատուկ միջոց գործադրելու քանակի և տեսակների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ կխախտվի քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված նախաքննության տվյալների հրապարակման արգելք հանդիսացող դեպքերից որևէ մեկը:

Նման պայմաններում, Վարչական դատարանը գտել է, որ առկա են բավարար իրավական և փաստական հիմքեր, որպեսզի պարտավորեցնի նախարարությանը տրամադրել պահանջված տեղեկությունները, «քանի որ առկա չեն նշված դիմումով պահանջվող տեղեկությունները կամ դրանց մի մասը մերժելու օրենսդրական հիմքերը»:

Ներքին գործերի նախարարությունից հօգուտ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կբռնագանձվի 10.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

Վարչական դատարանի վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին