Կարևոր իրադարձություններ

Ինչ եղան Ավինյանի դիրքերն իշխանական բուրգում և ով է ամենամեծ անկումը գրանցած ՔՊ-ականը. TOP 10 (տեսանյութ)

25 Հունվար, 2025 20:56
Ինչ եղան Ավինյանի դիրքերն իշխանական բուրգում և ով է ամենամեծ անկումը գրանցած ՔՊ-ականը. TOP 10 (տեսանյութ)

Top 10

Ովքեր են այս պահին իշխող քաղաքական թիմի ամենաազդեցիկ ֆիգուրները: ՔՊ-ի ամենաուժեղների տասնյակն սկսենք ամենաստորին հորիզոնականից:

10. Անդրանիկ Քոչարյան

Նա ուժեղ է ուժայինների հետ իր սերտ կապերով, ՔՊ ներսում իր պատգամավորական խմբով, 44-օրյա պատերազմի իր անվերջ ձգվող զեկույցով, դեռևս ամենանախկիններից իր հետ բերած քաղաքական մեթոդներով ու խայթող լեզվով: Քոչարյանի դիրքերը փոքր-ինչ թուլացան, երբ նա ընդհուպ մոտեցավ Ալեն Սիմոնյանի դիրքերին ու ձեռնոց նետեց վերջինիս և իր խայթող լեզվով անցավ Ալենի Սիմոնյանի երկու ընկերների վրայով:

9. Վահագն Ալեքսանյան

ՔՊ փոխնախագահը պարզվեց ուժեղ է ոչ միայն իր ոտքի հարվածներով, այլև իր քաղաքական հակառակորդներին դաժան բամփելով: Նա դեռ շատ առաջ կգնա, եթե այս տասնյակի առաջատարները խանդից չխեղդեն նրա վերելքը հենց ներկուսակացական գզվռտոցների օրորոցում: Հետագա առաջխաղացման համար նա պետք է կարողանա յուրայիններ ձեռք բերել խմբակցությունում ու կուսակցական շարքերում:

8. Հայկ Կոնջորյան

Ամենալուսավորված և ամենաինտելեկտուալ այս ՔՊ-ականի ամենաուժեղ զենքը թագավորի վրա ճիշտ խաղն է: Նրա ամենաթույլ կողմը միայն թագավորի վրա խաղալն է: Այդուհանդերձ, նա իր մեղմությամբ ու համառությամբ կարողանում է անշեղորեն իրագործել առաջնորդի բոլոր հրամանները ֆրակցիայում և այդ ամենի արդյունքում պահպանում է իր կայուն տեղը այս տասնյակում:

7. Արարատ Միրզոյան

Նա ներկուսակցական ինտրիգներով զբաղվելու ոչ հավես, ոչ էլ ժամանակ ունի: Բարդ միջազգային խաղերում իր դրսևորած նվիրումի ու նախկինում ընդհուպ մինչև ֆիզիկական ինքնազոհողության համար նա իր կայուն միջին դիրքն ունի իր ղեկավարի սրտում, քպ շարքերում ու այս տանսյակում: Բացի այդ նա մի քանի յուրային պատգամավորներ ունի, ինչն այս տասնյակում լինելու կարևորագույն գործոններից է:

 

 

6. Սուրեն Պապիկյան

Նրա մարդիկ հերթով լքում են բարձր պաշտոնները կամ հայտվում են այլոց ազդեցության գոտիներում: Մրցակիցների անվերջ փիառի ֆոնին էլ, նա գրեթե լուռ է: Այս ամենի արդյունքում երբեմնի համար 2-ը լուրջ անկում է գրանցել, սակայն իր բարձր պաշտոնի, համեստության ու ստվերից ակտիվ գործելու բացառիկ տաղանդի շնորհիվ նա դեռ տասնյակում է:

5.Արայիկ Հարությունյան

Նա ամենառացիոնալ կառավարիչն է Փաշինյանի թիմում և ամենահաճախն է ֆիզիկապես շփվում արքայական գահի հետ: Իր զուսպ ու համբերատար բնույթով նա կարողացել է չեզոքացնել բազմաթիվ ներթիմային հարձակումներ և ամուր մնալ իր դիրքերում: Այս տասնյակում և իշխանական թիմում ավելի առաջ չի գնում, քանի որ հրաժարվում է թիմի ներսում թիմ ձևավորել կամ խաղալ եղածների հետ:

4. Ալեն Սիմոնյան

Նա անկասկած այս իշխանության ամենախարիզմատիկ գործիչն է: Չնայած նա չի դադարում հայտնվել սկանդալների կիզակետում, նաև չի դադարում ամենակարևոր պահերին լինել ամենապիտանի խոսնակը իր ղեկավարի համար և կլանել ամենացեխոտ հարվածները: Բացի այդ, նա ունի բոլորի` նույնիսկ իր մրցակցիների ու հակառակորդների հետ համագործակցելու բացառիկ տաղանդ: Այդուհանդերձ, նա չափազանց խելոք է, որպեսզի գոնե այս փուլում ավելի առաջ չընկնի ոչ այս տասնյակում, ոչ էլ երկրի քաղաքական դաշտում:

3.Տիգրան Ավինյան

Նա չի վախենում ոչ մեկից ու ոչնչից: Իր վրա է վերցնում ամենից ոչ պոպուլյար բարեփոխումները: Նա կարող է հաղթահարել ցանկացած փորձություն` իր հոր անհաջող հարցազրույցից մինչև ամեն տեսակ մեղադրանքներ: Նրա դեմ աշխատում են ոչ միայն ամենաուժեղ ընդդիմադիրները, այլև ամենզորեղ թիմակիցները, իսկ նա ժպիտով ու թեթևությամբ շարունակում է մնալ իշխանական օլիմպի առաջին եռյակում:

2. Աննա Հակոբյան

Նա ոչ պետական ապարատում է պաշտոն զբաղեցնում, ոչ էլ կուսակցական վերնախավում, բայց երկրորդն է ներիշխանական թիմում և առաջինն է այսքան շատացած ազդեցիկ կանանց աստղաբույլում: Նա այսօր Հայաստանի ամենադիտվող ու ամենից շատ լայքեր ստացող քաղաքական գործիչն է, իսկ այս տասնյակում` իր ամուսնուն համեստորեն երկրորդողն է:

1.Նիկոլ Փաշինյան

Նա առաջինն է պետական համակարգում, իր կուսակցությունում և երկրի ամենաքննարկված գործիչների բոլոր հնարավոր հիթ շքերթներում: Ողջ հայ ազգը չի դադարում քննարկել նրա անվերջանալի անակնկալներով նորանոր հրապարակումները` հեծանիվից մինչև ձվածեղ: Նրա հակառակորդները ատում են նրան ու շարունակում ապրել նրանով` խոսելով միայն նրա մասին ու շարժվելով բացառապես նրա օրակարգերով: Դե իսկ իշխանականների համար նա անփոխարինելի և անհաս մի բարձունք է:

Տանսյակին ընդհուպ մոտեցել են, բայց դեռ չեն կարողանում նորից ներս մտնել Արսեն Թորոսյանն` իր բացառիկ քաղական կենսունակությամբ, Ռուբեն Ռուբինյանն` իր անհաս հումորով, Արմեն Փամբուխչյանը`երկրորդից առաջին դառնալու իր բախտով և մի քանի պետական պաշտոնյաներ, որոնք դեռ չեն ուզում կամ ի պաշտոնե չեն կարող դառնալ ՔՊ անդամ:

 

Լրահոս

Դիտել ավելին