Ամերիաբանկը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ համաշխարհային ստորաբաժանման (ԵՆԲ Գլոբալ) կողմից Հարավային Կովկասի որևէ բանկի մեկ գործարքի շրջանակում երբևէ տրված ամենախոշոր վարկն է: Այս ֆինանսավորումն ընդգծում է Ամերիաբանկի և ԵՆԲ-ի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը:
Այս գործարքով Ամերիաբանկը մատչելի և հասանելի վարկեր կառաջարկի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալ ունեցող ընկերություններին` նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումներ կատարելու բիզնեսի աճի, մրցունակության բարձրացման և կայուն նախաձեռնությունների ուղղությամբ:
ԵՆԲ-ի գնահատականների համաձայն՝ այս նախաձեռնության շրջանակում աջակցություն կտրամադրվի շուրջ 400 ՄՓՄՁ-ի և կապահովվի ավելի քան 15,000 աշխատատեղ՝ որը համահունչ է հայկական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելու ու տնտեսությունն ամրապնդելու Ամերիաբանկի հանձնառությանը:
Այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ամերիաբանկի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին` ամրապնդելով Բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ:
Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն ՀՀ դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով, ներառյալ՝ 270 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՓՄՁ համախառն պորտֆելը՝ համաձայն 2024 թ. տարեվերջյան արդյունքների։
Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 1․4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղելով այդ միջոցները Հայաստանում կենսական նշանակության տնտեսական ոլորտների զարգացմանը։ 2009 թվականից բանկը միջազգային ֆինանսական կառույցների և սոցիալական ներդրողների աջակցությամբ ֆինանսավորել է ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի նախագծեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
Առավել մանրամասն` Shabat.am-ի տեսանյութում: