ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոմիտեն պարզաբանում է ներկայացրել.
«Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։
Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր և թվեր.
* Հարկ ենք համարում հիշեցնել, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են բողոքի ակցիաներ և ոչ թույլատրելի գործադուլներ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։
* 2024 թվականի սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։
* Այս փոփոխությունների շրջանակում, օրինակ, բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության վերանայման արդյունքում (2024 թվականի հոկտեմբեր) նրանց վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։
* Անկախ սեպտեմբերից իրականացվող բարեփոխումներից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները։
* Սյունիքի մարզում միջին աշխատավարձը երկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչը պայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի գործունեությամբ։
Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ ներկայացնում ենք գործարանի որոշ պաշտոնների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀ դրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալ հարկերը)։
1) Հարստացուցիչ ֆաբրիկա
Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի
Ֆլոտատոր - 399,470-594,099
Փականագործ - 329,918-580,003
էլեկտրագազաեռակցող - 359,856-609,491
2) Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս
Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի
Կոնվեյերավար - 450,090-480,060
էլեկտրագազաեռակցող - 362,789-614,809
3) Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ)
Միջին ամսական աշխատավարձ (ներառյալ հարկերը)
90 տոննա - 1,140,151
130 տոննա - 1,372,247
180 տոննա - 1,672,215
Ընդհանուր միջին -1,394,871
Բացի այդ՝
* ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։
* Բոլոր աշխատակիցները կարող են օգտվել օրենքով սահմանված արձակուրդային օրերից և օգտվել արհմիության տրամադրած արտոնյալ կամ անվճար ուղեգրերից՝ Հայաստանի և տարածաշրջանի հանգստյան տներում։
* Ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերի փոխհատուցում։
* Աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։
* Ընկերությունը սոցիալական լայնածավալ ծրագրերի շրջանակում ֆինանսավորում է մանկապարտեզներ, սպորտային խմբակներ, բժշկական հաստատություններ, մշակույթի տներ, բազմաթիվ միջոցառումներ և հարյուրավոր այլ սոցիալական ծրագրեր։
Քանի որ վերջին օրերին գործադուլի կազմակերպիչների կողմից տարածվում է ապատեղեկատվություն՝ իբրև «աղքատիկ» աշխատավարձերի և վատ վարձատրության պայմանների մասին, հանրության դատին ենք թողնում վերոնշյալ թվերը և փաստերը։
Լրացուցիչ՝
* Չարտոնված գործողություններում ներգրավված աշխատակիցների թիվը չի գերազանցում Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7-8%-ը։
* Արհմիությունը չի աջակցում այս գործողություններին` համարելով դրանք անօրինական, և չի դիտարկում դրանք որպես գործադուլ։
* «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատում է ավելի քան 4,600 մարդ։ Շատ դեպքերում աշխատանքի տեղավորումը պայմանավորված է բացառապես սոցիալական խնդիրներով և միշտ չէ, որ արտացոլում է ընկերության իրական կարիքները մասնագետների հարցում։
Ամեն օր Կադրերի բաժին են ուղարկվում մեծ թվով աշխատանքային դիմումներ՝ չնայած սահմանափակ թվով թափուր աշխատատեղերին։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատակիցների մեծ մասը գնահատում է իրենց աշխատանքը և ընկերության վերաբերմունքը, ուստի նրանք չպետք է տուժեն որոշ անպատասխանատու հրահրիչների գործողություններից»։