«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մենք որդեգրել ենք հավասարակշռված քաղաքականության և հավասարակշռող քաղաքականության մոտեցումը, որի ուղղություններից մեկը տնտեսական դիվերսիֆիկացիան է։ Այս մասին երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է աստիճանաբար հավասարակշռենք մեր տնտեսական հարաբերությունները։ Կառավարությունը որոշել է խթանել արտահանումը դեպի ԵՄ, և սա հավասարակշռման դրսևորում է»,- նշել է նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կառավարությունը չի կարող միայնակ իրականացնել որոշման ողջ շրջանակը։
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ «մենք ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում», ինչպի մասին խոսում են նաև թվերը: «Բայց մյուս կողմից մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ: Մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը, նաև դրա համար է, որովհետև, երբ որ ընտրություն չկա, ստացվում է, որ մտածելու անհրաժեշտություն էլ չկա առանձնապես»,-ասել է Փաշինյանը։
Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, և ի՞նչ է թաքնված այս ամենի թիկունքում: Փաստացի, միակ բանը, որ Փաշինյանը ճիշտ է ասում, այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում իրեն վատ չի զգում: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ միասնական շուկայի մաս, գործնականում կարող է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և այլ շուկաների միջև, օրինակ՝ ԵՄ-ի։ Միանշանակ դրական է, որ ԵԱՏՄ երկրների ու Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը զգալի առաջընթաց է գրանցում, սակայն լուրջ խնդիր է դարձել Հայաստանի զգալի կախվածությունը ռուսական շուկայից։ Օրինակ՝ Հայաստանի առևտրաշրջանառության 40 տոկոսը և ավելին կատարվում է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանի առևտրի ընդամենը 1,8 տոկոսն է կատարվում Հայաստանի հետ։ Ու այս իրավիճակում Երևանում որոշում են կայացնում ԵՄ-ին անդամակցելու շուրջ։
Նախ՝ անպատասխան է մնում հարցը, թե ինչ է տալու Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը, երբ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը անկում է գրանցում, իսկ այդ բլոկում տրամադրված չեն ընդունել հայկական արտադրության ապրանքները։ Ռուսաստանն ինքը հանգիստ կարող է Հայաստանին փոխարինող առևտրային գործընկեր գտնել, այսինքն՝ լրացնել այդ 1,8 տոկոսը, ինչպես եվրոպական իր առևտրային գործընկերներին փոխարինեց ասիական երկրներով, բայց Հայաստանի համար լուրջ խնդիր է Ռուսաստանին փոխարինող գտնելը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։