Կարևոր իրադարձություններ

Համահայկական խաղերը նաև մշակութային կարևոր իրադարձություն են. Խաչատուրյան (լուսանկաներ)

02 Փետրվար, 2025 15:35
Համահայկական խաղերը նաև մշակութային կարևոր իրադարձություն են. Խաչատուրյան (լուսանկաներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։

«Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ,

Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ:

Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով:

Հայաստանի հրաշալի ձմեռային բնությունը և լեռնային գեղատեսիլ վայրերը լավագույն միջավայր են ստեղծում այս մարզական տոնի համար: Մեր երկիրը հպարտությամբ է հյուրընկալում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայ մարզիկներին, ովքեր իրենց մասնակցությամբ նպաստում են հայկական սպորտային ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նոր խթան են դառնում Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման համար:

Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցումներ են, այլ նաև մշակութային կարևոր իրադարձություն, որը նպաստում է մեր ազգային ինքնության պահպանմանը և ամրապնդմանը: Այստեղ ստեղծվում են նոր բարեկամություններ, ձևավորվում ընկերություններ, զարկ է տրվում հայրենաճանաչությանը:

Հատկապես ուրախալի է տեսնել երիտասարդ մարզիկների ակտիվ մասնակցությունը: Դո՛ւք եք մեր ապագան, և ձեր էներգիան ու նվիրվածությունը ոգեշնչում են մեզ բոլորիս:

Ոգևորիչ է նաև տարեց տարի համահայկական օլիմպիական խաղերին մասնակցող պատվիրակությունների քանակական աճը մոլորակի ամենահեռավոր երկրներից:

Հարգելի՛ ներկաներ, Համահայկական մարզամշակութային այս տոնակատարության մեկնարկին ընդառաջ մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդար մրցակցություն, լավագույն արդյունքներ և անմոռանալի պահեր:

Թող այս օլիմպիական խաղերը դառնան հայկական սպորտի պատմության հերթական նշանավոր էջերից մեկը:

Եվ ուրեմն, Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»,- ասել է նախագահը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին