Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, պատասխանատուներ նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այլ շահագրգիռ կազմակերպություններից:
Ռուստամ Բաքոյանը նկատել է, որ աղետի գոտում դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնցից են, մասնավորապես, փաստաթղթավորման շուրջ առաջացող ֆինանսական խնդիրներն ու ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման հետ կապված հարցերը:
Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանել է, որ դեռևս 2022 թվականին օրենսդրական փոփոխություններ են մտել ուժի մեջ, և յուրաքանչյուր վայրի ինքնակամ կառույցների հաշվառման համար սահմանված են եղել վերջնաժամկետներ: Կառավարությունը պարբերաբար, տարբեր ձևերով տեղեկատվություն է տարածել այդ մասին: Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ ինքնակամ կառույցների հաշվառման համար սահմանված ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և այսօր այլևս հնարավոր չէ իրականացնել հաշվառման գործընթաց: Այդ ժամկետում հաշվառվել է շուրջ 66 հազար ինքնակամ շինություն:
Քննարկման ընթացքում նշվել է, որ բազմաթիվ ինքնակամ կառուցված և չփաստաթղթավորված կառույցներ կան ե'ւ Շիրակի, ե'ւ Լոռու մարզերում:
Խնդրի լուծման նպատակով քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, կարևորել հարցի շուտափույթ կարգավորումը: Քննարկման արդյունքում որոշվել է գույքագրել մարզերում առկա վերոնշյալ խնդիրները` գտնելու համար դրանց լուծման ուղիները:
Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է` բարձրացված խնդիրները պատշաճ կերպով կհասցեավորվեն և բնակիչներին հուզող հարցերն անպատասխան չեն մնա:
Հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաև օրենսդրական փոփոխություններ: