Առաջին տեղը գրավել են Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Աշոցքի թիմերը` Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան և Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան:
Հատկանշական է՝ այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված մեդալների գերակշիռ մասը՝ 12 մեդալ, նվաճել են Աշոցքը ներկայացնող դահուկորդները (3 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ)։
Փետրվարի 3-ին կայացել են դահուկավազքի դասական ոճի մրցումները. տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը, երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երեքն էլ ներկայացնում են Աշոցքը: Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վասելինա Խաչատրյանը, երկրորդ տեղում Կատյա Գալստյանն է, եռյակը եզրափակել է Գյումրիի ներկայացուցիչ Ռոզա Սիմոնյանը:
Ավելի վաղ տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել էր Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել էր Սպարտակ Ոսկանյանը, իսկ եռյակը եզրափակել էր Թադևոս Պողոսյանը: Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել էր Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատրյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Ռոզա Սիմոնյանը:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում ավարտվել է նաև ձնամարտի մրցաշարը, որին 18 թիմեր են մասնակցել: Առաջին անգամ խաղերի ծրագրում ընդգրկված ձնամարտի մրցաշարում հաղթող է ճանաչվել Թեհրանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջերմուկի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի թիմը:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում Երևանում երեկ՝ փետրվարի 3-ին, մեկնարկել է հոկեյի մրցաշարը, որն անցկացվում է շրջանաձև մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 4 թիմեր Վոլգոգրադից, Մոնրեալից, Դոնի Նախիջևանից ու Երևանից: Մրցումային առաջին օրը ուժերը չափել են Վոլգոգրադի ու Դոնի Նախիջևանի, Մոնրեալի ու Երևանի թիմերը:
Դոնի Նախիջևանի թիմը 8:3 հաշվով առավելության է հասել Վոլգոգրադի թիմի նկատմամբ: Երևանի թիմը 10:6 հաշվով հաղթանակ է տարել Մոնրեալի թիմի նկատմամբ: Այսօր կայացած խաղերում Դոնի Նախիջևանի թիմը 16:8 հաշվով առավելության է հասել Երևանի թիմի նկատմամբ, իսկ Վոլգոգրադի թիմը 4:1 հաշվով հաղթել է Մոնրեալի թիմին:
Վաղը թիմերը կանցկացնեն վերջին խաղերը: Երևանը կմրցի Վոլգոգրադի թիմի հետ, իսկ Դոնի Նախիջևանի թիմը կխաղա Մոնրեալի հետ:
Խաղերի շրջանակում շարունակվում են նաև շախմատի մրցումները: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 150 շախմատիստներ, իսկ կանանց առաջնությանը՝ 50: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ամենաշատ մասնակից ունեցող մարզաձևի մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով, յուրաքանչյուր մասնակցին տրվում է 15 րոպե ժամանակ մինչև խաղի ավարտը՝ 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։
Մասնակիցների միջազգային և ազգային վարկանիշները չպետք է գերազանցեն՝ տղամարդկանց պարագայում 2300-ը, կանանց պարագայում՝ 2250-ը։ Խաղերին մասնակցում են շախմատիստներ Հայաստանի բոլոր մարզերից, Ռուսաստանի մի քանի քաղաքներից, ինչպես նաև եվրոպական քաղաքներից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սպորտային պարերի մրցաշարին մասնակցում են 7 տարիքային խմբերի շուրջ 250 մասնակիցներ` 8 երկրից, 9 մարզից ու 29 քաղաքից: Խաղերի ամենակրտսեր մասնակիցները 5 տարեկան են՝ Գյումրիից ու Նյու Դելիից:
Սպորտային պարերի եզրափակիչները կկայանան փետրվարի 4-ի երեկոյան: Մրցումների ծրագրում ընդգրկված են պարահանդեսային՝ «Վալս», «Տանգո», «Կվիկստեպ» և լատինամերիկյան՝ «Չա-չա», «Սամբա», «Ռումբա», «Պասադոբլ», «Ջայվ» պարերը։
Փետրվարի 5-ին և 6-ին Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումները։