Կարևոր իրադարձություններ

«Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագրի արդյունքները

30 Դեկտեմբեր, 2024 15:10
«Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագրի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն ՀԿ-ն 2024 թ. ընթացքում իրականացրել է «Վարպետության դաս. Մեկնարկ»  կրթամշակութային ծրագիրը. իրականացվել է 12 վարպետության դաս։

Ծրագրում ներգրավվել են հայ կատարողական արվեստում բազմամյա փորձ ունեցող 10 առաջատար մասնագետներ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ, և արտասահմանյան 2 մասնագետները, որոնք իրականացրել են իրենց գործունեությունը ըստ նախապես համաձայնեցրած ժամանակացույցի՝ վարպետության դասերի ձևաչափով։

Յուրաքանչյուր մասնագետ դասավանդել է ընդհանուր առմամբ 20 ժամ։

2024 թ. ծրագրին մասնակցելու համար հրավիրվել են հետևյալ արտասահմանյան մասնագետները՝ Օլեգ Պոլյանսկի /Ուկրաինա,Գերմանիա, Քյոլնի բարձրագույն երաժշտականաան դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր/, Ալբերտ Տյու /Սինգապուր, Յոնգ Սյու Թոհ կոնսերվատորիայի պրոֆեսոր, իսկ հայաստանյան մասնագետներն էին՝ Էդուարդ Թադևոսյանը /ՀՀ ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր/, Ալեքսանդր Կոսեմյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր/, Կարինե Օհանյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր/, Կարինե Հարությունյանը /ՀՀ վաստակավոր ուսուցիչ/, Արամ Թալալյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր/, Հռիփսիմե Աղաքարյանը/միջազգային մրցույթների դափնեկիր/, Տիգրան Հախումյանը /միջազգային մրցույթների դափնեկիր, Լահրի երաժշտական դպրոցի պրոֆեսոր/, Մարինե Մարգարյանը /ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր/,Սյուզի Երիցյանը /միջազգային մրցույթների դափնեկիր և Դավիթ Մելքոնյանը /միջազգային մրցույթների դափնեկիր/։

Վարպետության դասերին մասնակցել են 8-18 տարեկան պատանի և երիտասարդ 203 երաժիշտ-կատարողներ (դաշնամուր, ջութակ և թավջութակ)՝ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ուսումնական տարբեր հաստատություններից։

Յուրաքանչյուր մասնագետի վարպետության դասերի շարքի ավարտից հետո տվյալ ուսումնական հաստատությունում, որտեղ կայացել են դասերը, պատանի երաժիշտների մասնակցությամբ կազմակերպվել են համերգներ և զրույց-հանդիպումներ մասնագետ-մասնակից-ուսուցիչ ձևաչափով։ Համերգի մասնակիցներին ընտրել է տվյալ մասնագետը՝ առաջնորդվելով երաժշտի  պատրաստվածությամբ և իր վարպետության դասերի ընթացքումառաջադիմությամբ։

Համերգներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 132 պատանի երաժիշտ- կատարողների։ Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել նաև տարեվերջյան ամփոփիչ երկու համերգ, որոնց մասնակցել են 27 լավագույնները բոլոր երեք մասնագիտություններով։

Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 14 համերգ։

Վարպետության դասերը անցկացվել են Երևանի Սայաթ-Նովայի անվան, Ալ. Սպենդիարյանի անվան, Ա. Տիգրանյանի անվան և Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցներում, Բ․ Կանաչյանի անվան ԱԴ, Հ. Դանիելյանի անվան ԱԴ, Ղ. Սարյանի անվան ԱԴ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Նշենք, որ ուսուցման նոր մեթոդիկայի, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլանի ստեղծման շնորհիվ շահառուները հնարավորություն են ստացել առավել նպաստավոր պայմաններում զարգացնելու մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ինչպես նաև ձեռք բերել բեմական փորձ:

 

Լրահոս

Դիտել ավելին