Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։
Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից, հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։
Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․
1) իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար,
2) Անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք բացի լիցենզիա ստանալուց պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։
3) Հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ-ի կողմից համապատասխան թույլտվությունը։
Նախարարությունից հորդորում են հրավառություն իրականացնող կազմակերպություններին ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ հրավառություն իրականացնելու համար ձեռք բերել նաև թույլտվություն։
ՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն։