2025թ-ի հունվարի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում կայանալու է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների կողմից համատեղ արտադրված «ԲԵՄ» (STAGE) խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան։
«ԲԵՄԸ» արվեստի մեծ բաղադրիչով, կրքի, զոհաբերության և կատարելության փնտրտուքի մասին էմոցիոնալ լիցքավորված պատմություն է, որտեղ անձնական ու մասնագիտական հավակնությունները միահյուսվում են անվերջանալի ինտրիգների, սիրո և դավաճանության սարդոստայնի մեջ՝ բալետի անողոք աշխարհում:
Գլխավոր դերերում հանդես են գալիս ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ, ՎԻՎՅԵՆ ԲԱՍՏԱՋՅԱՆԸ, ՖՐԻԴԱ ՅՈՐՔԸ, ՍՈՍ ՋՆԻԲԵԿՅԱՆԸ, ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Հանովերի պետական Բալետի մենապարուհի ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ, գերմանուհի ԼԱՈՒՐԱ ՇԼԵԶԻՆԳԵՐԸ։ Ֆիլմում հնչում են կոմպոզիտորներ ՖԻԼԻՊ ԳԼԱՍՍԻ, ՆԻԼՍ ՖՐԱՀՄԻ ստեղծագործությունները, նաև ԿՈՄԻՏԱՍ՝ ԼԻԼԻԹ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ մեկնաբանությամբ։
«Բեմը» Հայաստանի նորագույն պատմության միակ ֆիլմն է, որի դեմ 2019թ-ին քրեական գործ է հարուցվել Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հաղորդագրության հիման վրա, ինչը դարձել է ֆիլմի ռեժիսորի 31-օրյա հացադուլի պատճառ, ՀՀ կառավարությանն ուղղված՝ հայկական կինոյի պետական կառավաման ոլորտում բարեփոխումներ սկսելու պահանջով։ 2020թ-ին քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն կինոկենտրոնի պաշտոնյաները դատական հայց են ներկայացրել քննչական մարմինների դեմ՝ նրանց մեղադրելով հանցանքը քողարկելու մեջ։ 2024թ-ին, քրեական դատարանն ամբողջությամբ արդարացրել է քննիչներին և վերահաստատել, որ ֆիլմի ռեժիսորի գործողություններում բացակայում է հանցակազմի նվազագույն կասկածի շեմը։ 2024թ-ին ՀՀ Կառավարությանը դադարեցնել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությունը, հայտարարելով իրավահաջորդ կառույցի՝ Հայաստանի կինոյի Հիմնադրամի ստեղծման մասին։
Ֆիմի տևողությունը 95րոպե, տարիքային սահմանափակումը՝ 16+:
Սցենարի հեղինակներն՝ Մարինե Զաքարյանը, Հովհաննես Գալստյանը։ Պրոդյուսերներ՝ Անի Գալստյան, Լաուրա Քլևեր (Գերմանիա), Ադոլֆ Էլ Ասսալ (Լյուքսեմբուրգ), Նեժիմ Գլազգո-Մաեդա (Բրիտանիա), Կարեն Ծատուրյան, Միհրան Ստեփանյան և Հովհաննես Գալստյան։ Բեմադրող ռեժիսոր՝ Հովհաննես Գալստյանը։ Ֆիլմի հայաստանյան դիստրիբյուտորն է Շարմ Հոլդինգը, համաշխարհային դիստրիբյուտորը՝ Վադի մեդիան (Լուքսեմբուրգ)։
Երևանյան պրեմիերային հաջորդելու է «ԲԵՄ» ֆիլմի վարձույթը Երևանի և ՀՀ մի շարք քաղաքների կինոթատրոններում, փետրվարից՝ պաշտոնական դիստրիբուցիան Բենիլյուքսի երկրներում և միջազգային ցուցադրումները՝ Բրազիլիայում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, ՌԴ-ում։