Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի առաջին օրը (լուսանկարներ)

18 Սեպտեմբեր, 2024 23:39
Ավարտվել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի առաջին օրը (լուսանկարներ)

Երևանում ընթանում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որը կազմակերպվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

Գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրվա ընթացքում անցկացվեցին 2 պանելային նիստ և 9 քննարկում՝ նիստերի, կլոր սեղանների, բանավեճերի: Օրվա խորագիրն էր «Անվտանգություն և խաղաղություն»:

Որպես օրվա գլխավոր բանախոս հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հատուկ նիստում պետականակենտրոն սփյուռքի դերի մասին խոսեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» խորագրով նիստում բանախոսներ էին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ռիչարդ Բ. Ֆիննեգանի անվան Սթոունհիլ քոլեջի և «Քարնեգի» հիմնադրամի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը, Նևադայի համալսարանի դասախոս Ներսես Կոպալյանը, քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը: Նիստը վարել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը» խորագրով քննարկմանը մասնակցեցին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, Միջազգային բանակցությունների փորձագետ և հակամարտությունների գծով գերմանահայ իրավաբան Սառա Բաբայանը, «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, Միջազգային իրավունքի խորհրդատու և ֆրանսահայ գիտաշխատող Րաֆֆի Ֆիլիպ Կալֆայանը: Նիստը վարել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը:

«Հայկական շահերի պաշտպանությունը և լոբբինգը» թեմայով նիստում ելույթներ ունեցան ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջեքի Սփեյերը, Լիբանանի խորհրդարանի անդամ Փոլա Եագուպեանը, Ամերիկայի հայկական համագումարի կողմից կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Կալիֆորնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն:

Մոդերատոր էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի և «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: 

«Հայաստանի հանրային դիվանագիտության առանցքային ուղղությունները» խորագրով քննարկմանը որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոռեժիսոր, դերասան Մայքլ Գյուրջյանը, Հունաստանի մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախագահ Փիթեր Կապսասկիսը, WTA-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 50-յակի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:  Նիստը վարել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փոխտնօրեն Մարգարիտա Բաղդասարյանը:

«Հայաստանը, միջազգային մեդիան և տեղեկատվական անվտանգությունը» քննարկմանը որպես բանախոսներ հանդես եկան Քաղաքական վերլուծաբան և խորհրդատու, «EDNA and Associates» ընկերության սեփականատեր Էրիկ Հակոբյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, «Boost+ Production»-ի համահիմնադիր Վարսի Բուխմանն և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ավագ վերլուծաբան Կարենա Ավեդիսսյանը: Նիստը վարեց միջազգային զարգացման հարցերով ռազմավարական խորհրդատու Սառա Անջարգոլյանը:

«Ի նպաստ Հայաստանի անվտանգության նախաձեռնությունների» խորագրով ելույթներ ունեցան «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյանը, World Central Kitchen միության անդամ Ալին Քամաքյանը, «Earlyone»-ի գործադիր տնօրեն, «Գիտուժ»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը, «VIVA. Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, ՈՄԱ հասարակական կազմակերպության ղեկավարի տեղակալ Վաղինակ Վարդանովը, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և նախագահ Անտրէ Գումուշճեանը: Զրույցները վարեց «Hoateia» ընկերության  հիմնադիր Մագդա Աղաբաբյանը:

«Հայաստանի անվտանգության նարատիվները» թեմայով բանավեճին մասնակցեցին «Հանուն համաշխարհային խաղաղության» Քարնեգի հիմնադրամի գիտնական Կարո Փայլանը, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, Բոլոնիայի համալսարանի դասախոս, «HYESTART» հիմնադրամի (Ժնև) նախագահ Ալեն Նավարա-Նավասարդյանը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը, իրանագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների (PSIA) ծրագրի դոցենտ, Բենթլիի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս Ասպետ Գոչիկյանը,  «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը: Բանավեճը վարել են 1in.am-ի մեկնաբաններ Ժիրայր Ոսկանյանը և Աստղիկ Սարգսյանը:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները 16 կլոր սեղանների շուրջ քննարկել են նաև հայկական ինքնության, մշակույթի և բրենդի նարատիվները: Նրանք փորձեցին վերհանել առկա կարծրատիպերը և ուրվագծել ժամանակին համահունչ փոփոխություններ:

«Հայկական կենսունակ նարատիվն աշխարհում» քննարկում-քվերակությանը մասնակցեցին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը: Նիստը վարել է լրագրող Մարկ Գրիգորյանը:

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի առաջին օրվա շրջանակներում անցկացվել է նաև Անվտանգային տեխնոլոգիաների և ռեսուրսների էքսպո, որին մասնակցություն ունեցան անվտանգային ոլորտի տարբեր ուղղություններ ներկայացնող 20 ընկերություն:

Մասնակիցները ծանոթացան նրանց գործունեությանը, հնարավորություն են ունեցել ձեռք բերել նոր կապեր և քննարկել համագործակցության հնարավորությունները:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների համար առաջին աշխատանքային օրն ավարտվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային հատուկ ծրագրով: Հնչեցին հայ մեծանուն հեղինակների և կոմպոզիտորների գործերը:

Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն է Էվոկաբանկը: Ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին