Կարևոր իրադարձություններ

«Սոցիալական կրեդիտ» բաժնում տեղադրված են բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների ցանկերը. նախարար

05 Մարտ, 2025 19:46
 «Սոցիալական կրեդիտ» բաժնում տեղադրված են բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների ցանկերը. նախարար

Ազգային ժողովում ՀՀ կառավարության հարցուպատասխանի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում սոցիալական կրեդիտից օգտվելու վերաբերյալ հարցին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության պաշտոնական կայքում բացված է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ տեղադրված են բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների ցանկերը՝ ըստ մարզերի:

«Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել այս համակարգից, նշյալ ցանկերից կարող են իրազեկվել, թե որ հաստատությունների ու կազմակերպությունների ծրագրերն են երաշխավորված, ըստ այդմ՝ թե որոնցից է հնարավոր օգտվել: Կրթական ծրագրերը ևս ներկայացված են նույն բաժնում՝ առանձին ենթաբաժնով՝ «Երաշխավորված կրթական ծրագրեր»:

Այս պահին տեղադրված են արդեն իսկ երաշխավորված 110-ից ավելի ծրագրեր, որոնք թարմացվում են՝ նոր ծրագրերի երաշխավորմանը զուգընթաց: Նույն բաժնում տեղադրված են նաև ուղեցույց, հոլովակ և կոնտակտային հեռախոսահամարներ՝ համակարգին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով»,- ասել է նախարարը:

Հարցին, թե ինչպես դիմել երաշխավորման, նախարարը պատասխանել է.

«Նշյալ բաժնում կա նաև ուղեցույց երաշխավորման դիմելու ընթացակարգերի վերաբերյալ: Հենց այսօր շրջանառվել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի վերանայված տարբերակը, որով առավել պարզ ընթացակարգ է նախատեսվում թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար»:

Ժաննա Անդրեասյանը կոչ է արել քաղաքացիներին այս փուլում ակտիվ լինել և երաշխավորման գործընթացը լավարկելու վերաբերյալ առաջարկներ ունենալու դեպքում ներկայացնել դրանք:

Նախարարի խոսքով՝ երաշխավորման ընթացակարգը պարզ է. պետք է դիմել ԿԳՄՍ նախարարություն, երեք օրվա ընթացքում ծրագիրը կուղարկվի փորձաքննության, ինչից հետո դրական եզրակացության դեպքում ծրագիրը կերաշխավորվի:

«Ամբողջ գործընթացը պետք է տևի մեկ ամսից ոչ ավելի»,- հայտնել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին