ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրել է մեկնաբանել հայտարարությունը:
Մի քանի օր առաջ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել կոչով` դադարեցնել բանակցությունները Բաքվի հետ, քանի դեռ գերիներին ազատ չեն արձակել:
«Գիտեք, ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ բանով: Ես, սովորաբար, չգիտեմ` որքանով եք նկատել, թե չէ, ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին կամ նրանց ասածների մասին, բայց էս դեպքում երևի չեմ կարող չանել։ Իսկապես, առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ որ պատկերացնում եմ, որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները, հասկանում եմ՝ թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանն ավելին է եղել։
Մեր կողմից կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ, և մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա և բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում և՝ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը, անշուշտ, վարչապետն էլ քանի անգամ այսօր արդեն ասաց, մեր առաջնահերթություններից մեկն է և մեր օրակարգում է»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով օրեր առաջ ԱԳՆ շենքի դիմաց կազմակերպված ակցիային, որի մասնակիցները պահանջում էին նաև հրավիրել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու ներկայացնել հարցը՝ Միրզոյանն ասաց.
«Միայն ամպագոռգոռ հայտարարություններով չէ և միայն հրապարակային գործունեությամբ չէ, որ մենք հետամուտ ենք լինում պահվող անձանց, ռազմագերիների՝ օր առաջ ազատ արձակմանը: Դրա համար մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերը՝ նախևառաջ, իհարկե, դիվանագիտական խողովակներով»:
ԱԳ նախարարն ընդգծել է՝ կան նաև տեսանելի գործողություններ, և ինքը զարմանում է, որ գործընկերները կամ չեն տեսնում կամ ջանք չեն գործադրում այդ մասին իմանալու:
Նա նշել է, որ 2020 թվականի պատերազմից ի վեր 150–ից ավելի գերի է եղել, և նրանց մեծ մասը վերադարձվել է հայրենիք:
«Ես ուզում եմ մի շաբաթվա կամ 10 օրվա թարմության մի քանի տեսանելի բաներ թվարկել: Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը, թերևս, այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային և այդ «դատավարություններում» գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ:
Այս ամբողջը վերջին մի շաբաթվա-տասը օրվա բան եմ ասում: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ. կրկին, այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից երկու-երեք օր անց Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը` Վոլկեր Տյուրկը, հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց։ Սա դեռ մի շաբաթն եմ թվարկել, տասը օրը և մենակ երևացող բաներ, որոնց մասին մամուլում որևէ դրսևորում է եղել»,- նշել է նախարարը: