Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բելառուսում ՀՀ քաղաքացի բլոգեր Ռոզա Բաբախանյանի ձերբակալմանը։
«Ես չգիտեմ՝ ով ինչ դիմավորում է արել, ով ինչ ճանապարհում է արել կամ այլ միջոցառումներ, մենք ազատ երկիր ենք, բոլորն իրավունք ունեն այդպիսի բաներ անելու: Ես կարող եմ ձեզ փաստեր ասել. փետրվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն ՀՀ քաղաքացու վերաբերյալ: 3 օր անց ստացել է բելառուսական կողմի պատասխանը, որն ասում էր, որ այդ անձը ազատազրկված է 15 օրով, և ժամկետը լրանալուն պես բաց է թողնվելու:
Ով է ջանք գործադրել բաց թողնելու համար, ով է ներկայացրել որպես իր ձեռքբերում՝ չգիտեմ, մեզ այդքան չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու. մնացածը ով ում ուզում է թող ծաղիկ նվիրի, մենք առարկություններ չունենք»,- նշել է ԱԳ նախարարն՝ անդրադառնալով նաև Բելառուսի հետ հարաբերությունների վատթարացմանը.
«Հարաբերությունները վատթարացրել են այն մարդիկ, ովքեր պաշտոնապես և հրապարակավ ընդունել են, որ Բելառուսն օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական, ԼՂ-ի դեմ հարձակման ընթացքում, և այդ մարդիկ ամենևին ՀՀ պաշտոնյաներ չեն, այդ մարդիկ Բելառուսի ներկայացուցիչներն են»: