Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Էջմիածնի բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին՝ գլխավորությամբ ԲԿ տնօրեն Գոռ Ասատրյանի։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին առողջապահության ոլորտում իրենց նվիրյալ և աստվածահաճո առաքելության համար՝ հորդորելով, որ վերջիններս առավել մեծ նախանձախնդրությամբ իրենց մասնագիտական կարողություններն ու հմտություններն ծառայեցնեն ի խնդիր բուժման կարիք ունեցող անձանց ապաքինման:
Նորին Սրբությունը կարևորել է նաև բուժանձնակազմի մասնագիտական ու խորհրդատվական ներուժի ներդրումն ազգաբնակչության շրջանում ծնելիության խթանման և առողջ սերունդ մեծացնելու գործում՝ ի նպաստ ազգային կենսունակության ամրապնդման ու հզորացման։
Իր հերթին ԲԿ տնօրեն տիար Ասատրյանը Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցել է բուժհաստատության ձեռքբերումների և գործունեության մասին՝ ընդգծելով, որ այն շարունակվում է վերանորոգվել, բարելավել պայմանները, համալրվել նոր բժշկական սարքավորումներով և բուժանձնակազմով, ինչը բարձրացնում է վստահությունն ու բուժսպասարկման որակն ազգաբնակչության շրջանում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ոլորտում առկա խնդիրներին։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել բուժաշխատողներին իրենց երախտարժան առաքելության մեջ: