Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». ՔՊ նիստը կայացավ կոյուղաջրերից հոսանքազրկված դահլիճում. ընդդիմությանը արգելվեց ներս մտնել

01 Մարտ, 2025 09:40
«Ժողովուրդ». ՔՊ նիստը կայացավ կոյուղաջրերից հոսանքազրկված դահլիճում. ընդդիմությանը արգելվեց ներս մտնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ՝ առավոտյան, Ազգային ժողովում քննարկում էր նախատեսված «ՀՀ կառավարության գործունեության լեգիտիմությունը» թեմայով, որը կազմակերպվել էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված պատգամավոր Թագուհի Թովմասյանի և հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից:

Թեպետ հանդիպումը օրեր առաջ էր պլանավորված և պետք է կայանար երեկ՝ ժամը 11:00-ին, նիստից առաջ արհեստական խոչընդոտ ստեղծվեց. ինչպես ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրեց սոցցանցի իր պաշտոնական էջում, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը առավոտյան 9:30 գրավոր տեղեկացրել է, թե կոյուղաջուր է լցվել նիստի համար նախատեսված 334 դահլիճի էլեկտրական լարերի վրա, սենյակը հոսանքազրկված է, և չեն կարող տրամադրել այն:

Արդեն կեսօրին պատգամավորը տեղեկացրեց, որ քննարկումից առաջ, երբ խորհրդարանում տեսել էին, որ նախատեսված ժամին (11:00) բոլորը հավաքվել են նիստին մասնակցելու, 11:26 պատգամավոր Թովմասյանը նոր գրություն է ստացել, թե ԱԺ դահլիճներից մեկը ազատ է, և հանդիպումը կարող է այնտեղ կայանալ: ՔՊ-ականները նախապես ամրագրել էին դահլիճներ, ապա ընդդիմադիր պատգամավորի քննարկումից րոպեներ առաջ չեղարկել են դահլիճների զբաղվածությունը: «Սա նշանակում է, որ ուղիղ քաղաքական հրահանգ էր տրված, որպեսզի տապալեին քննարկումը և չխոսվեր Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության լեգիտիմության մասին:

Սակայն, չնայած ստեղծված արհեստական խոչընդոտին, ԱԺ Բաղրամյան մուտքի քաղաքացիների ընդունելության սրահում քննարկումը, այնուամենայնիվ, կազմակերպվեց և բավականին լայն տարածում ունեցավ», – գրել է Թագուհի Թովմասյանը:

Սակայն ամենահետաքրքիրն ու զավեշտալին դեռ առջևում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումից մոտ մեկ ժամ հետո` ժամը 15:00-ին, ՔՊ խմբակցության նիստը նույն հոսանքազրկված դահլիճում կայացել է: Այսինքն՝ 334 դահլիճը հոսանքազրկված էր, կոյուղաջրերով լի էր ու այնտեղ «անհնար» էր որևէ հանդիպում կազմակերպել, քանի որ ընդդիմադիր խոսք պետք է հնչեր: Իշխանությանը կոյուղաջրերը չխանգարեցին հավաքվել ու նույն դահլիճում նիստ անել:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ալեն Սիմոնյանի պատկերացրած ժողովրդավարության մասին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին