Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին:
Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են պրոֆեսիոնալիզմին, անձնային որակներին և բարեվարքությանը:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Դատախազության առաջնահերթություններին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը:
Մարդու իրավունքների ձմեռային դպրոցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել Դատախազության պատմությանը: