Այսօր «Մարտի 1»-ի ոճրագործության 17-րդ տարելիցն է։
2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ։
Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը:
Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: