Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է արդյունավետ համագործակցությունը հարկ վճարողների հետ։
Մասնավորապես, Հարկային մարմինը շարունակում է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։
Հիշեցնում ենք, որ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ իրականացնելու նպատակով, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից կազմակերպվում են այցելություններ՝ 50 և ավելի աշխատողներ ունեցող կազմակերպություններ։ Իրազեկման աշխատանքները պատշաճ իրականացնելու և համապատասխան նյութերն ու ուղեցույցները ցուցադրելու նպատակով՝ անհրաժեշտ է կազմակերպության տարածքում պրոյեկտորի առկայություն: Այցերը կրում են բացառապես իրազեկման բնույթ, որտեղ մանրամասն ներկայացվում են ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը:
Միաժամանակ, մինչև 50 աշխատակիցներ ունեցող կազմակերպությունների համար ՊԵԿ-ը պատրաստակամ է իրազեկման հանդիպումներ կազմակերպել ՊԵԿ ուսումնական կենտրոնում, իսկ ՀՀ մարզերի կազմակերպությունների համար՝ համապատասխան տարածքներում:
Հետաքրքրված հարկ վճարողները կարող են Կոմիտեին տեղեկացնել՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Կարող են դիմել ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում գտնվող կազմակերպությունները: Անհրաժեշտ է էլեկտրոնային փոստին ուղարկել այցելության համար նախընտրելի օրը, ժամը և հասցեն, ըստ անհրաժեշտության նշել, որ ցանկանում են հանդիպումն անցկացվի ՊԵԿ ուսումնական կենտրոնում կամ մարզերի համապատասխան տարածքներում։
Հաշվի առնելով Հարկային մարմնի սպասարկման վարչության աշխատակիցների ծանրաբեռնվածությունը՝ այցելության կամ հանդիպման օրը և ժամը փոփոխվելու դեպքում, նախապես կհամաձայնեցվի կազմակերպության հետ:
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ քաղաքացիները հայտարարագրման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող են այցելել Հարկային մարմին՝ ցանկացած սպասարկման սրահ: ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժիններն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00-ն՝ առանց ընդմիջումների։