Կարևոր իրադարձություններ

Թրամփն ընդգծել է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցելու կարևորությունը

05 Մարտ, 2025 17:15
Թրամփն ընդգծել է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցելու կարևորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված իր ուղերձում ներկայացրել է իր վարչակազմի մեկուկես ամսվա աշխատանքի արդյունքները, երկրի տնտեսության զարգացման տեսլականը, ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Թրամփը պնդել է, որ անդադար աշխատում է դաժան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, և ասել է, որ «նամակ» է ստացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց, որում նա հայտարարում է խաղաղ բանակցություններին իր պատրաստակամության մասին։

«Այսօր կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկուց, որում ասվում է. Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղությունը մոտեցնելու համար: Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ երախտապարտ է ուղերձի համար։

Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարել է նաև իր պատրաստակամության մասին՝ «ցանկացած հարմար պահի» ստորագրել հանքարդյունաբերության վերաբերյալ համաձայնագիրը։ «Ես գնահատում եմ, որ նա ինձ նման նամակ է ուղարկել»,- ասել է Թրամփը:

Ավելի ուշ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան պարզաբանել է, որ Ուկրաինայի նախագահը Թրամփին առանձին նամակ չի գրել։

ԱՄՆ նախագահը նշել է նաև խաղաղությանը Ռուսաստանի պատրաստակամության մասին: «Միաժամանակ մենք լուրջ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի հետ և ուժեղ ազդակներ ենք ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության»,- Կոնգրեսին ասել է Թրամփը։

Նա ընդգծել երկու կողմի հետ բանակցելու կարևորությունը: Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ տեսնելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի ամոթալի դուրսբերումը և դա համարել իր համար լավ հնարավորություն:

ԶԼՄ-ները նկատել են, որ ԱՄՆ նախագահն իր ելույթում չի հիշատակել Կիևին ռազմական օգնության դադարեցման մասին, որը հայտարարվել էր նախօրեին։ Ամերիկյան զենքի որոշ մատակարարումներ չափազանց կարևոր են Ուկրաինայի համար և չեն կարող փոխարինվել ուկրաինական և եվրոպական զենքերով: Այդ մասին չի նշել նաև Զելենսկին իր նախորդ գրառումներում, գրում է BBC-ն։

1 ժամ 40 րոպե տևողությամբ ռեկորդային ելույթում ամերիկացի նախագահը խոստացել է նաև հաղթել գնաճն ու բյուրոկրատիան, իր երկրի կազմում ներառել Գրենլանդիան և ԱՄՆ-ում ստեղծել «Ոսկե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։

Հանրապետականները նրա ելույթը դիմավորել են ծափերով, դեմոկրատները՝ լռությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին