Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 19-ին ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Կարեն Սուքիասյանը ներկայացրել է Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին և այլն: Այս համատեքստում Կոտայքի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 4204 քրեական վարույթ (2023 թվականին՝ 4046): Կոտայքի մարզի դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1190 քրեական վարույթ՝ 1276 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 823 վարույթ՝ 860 անձի վերաբերյալ): 2024 թվականին դատարաններում ավարտվել է 1116 քրեական գործ՝ 1150 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 425 քրեական գործ՝ 446 անձի վերաբերյալ):
2024 թվականի ընթացքում հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 148 միլիոն 361 հազար դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 119 միլիոն 445 հազար դրամը (շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար): Համայնքներին պատճառված 3 միլիոն 50 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին, տեղեկացրել է, 2024 թվականին մարզի դատախազների կողմից դատարան է ներկայացվել 6 հայցադիմում, իսկ ընդհանուր առմամբ, 2023 թվականից
փոխանցված՝ Կոտայքի մարզի դատախազության կողմից հարուցված հայցերով դատարանի վարույթում 2024 թվականին քննվել և քննվում է 10 հայց՝ ընդհանուր 104 միլիոն 272 հազար դրամ և 33 հազար ԱՄՆ դոլար հայցապահանջով:
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է մարզի դատախազին 2025 թվականին, պահպանելով 2024 թվականին արձանագրված դրական ցուցանիշները, շարունակել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները: