Կարևոր իրադարձություններ

Սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողների համար

17 Փետրվար, 2025 19:21
Սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողների համար

Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ:

Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում:

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Համընդհանուր հայտարարագրում․ սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները»:

«Համակարգի իմաստն այն է, որ եկամտային հարկ վճարած ֆիզիկական անձինք կարողանան այդ եկամտահարկից ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում»,- հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Արտադպրոցական ծառայությունների մասին

Անդրադառնալով ԿԳՄՍ ոլորտներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումը վերաբերում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությանը: «Ֆորմալ կրթությանն անդրադառնալով՝ պետք է նշել, որ այն նախորդ տարի էլ է գործել՝ ընդգրկելով բարձրագույն և ՄԿՈՒ հաստատություններում, ինչպես նաև մասնավոր դպրոցներում կամ մանկապարտեզներում ուսման վարձերի փոխհատուցումը: Նոր փոփոխությամբ ավելացել է նաև ոչ ֆորմալ կրթական բաղադրիչը, որը ներառում է արտադպրոցական ծառայությունները, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներն ու մարզադպրոցները: Ունենք 142 մարզադպրոցներ, որոնցում սպորտային կրթություն են ստանում ավելի քան 37 հազար երեխաներ, ինչպես նաև 238 արվեստի ուղղության դպրոցներ կամ համայնքային կենտրոններ, որոնցում սովորում են շուրջ 55 հազար երեխաներ: Պետական կամ համայնքային ուսումնական հաստատությունների համար երաշխավորման պահանջ չկա: Այն վերաբերում է արտադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հրամանով երաշխավորման: Դիմումից հետո ծրագիրը կուղարկվի փորձաքննության, որի դրական արդյունքի դեպքում այն կերաշխավորվի»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:

Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք կրթական ծրագիր են իրականացնում, ևս կարող են դիմել կրթության լիազոր մարմնին՝ իրենց ծրագիրը երաշխավորելու նպատակով՝ ըստ ծրագրին ներկայացվող հիմնական պահանջների: Երաշխավորման համար որևէ ծախս նախատեսված չէ:

Մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին

Մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար ևս երաշխավորված լինելը պարտադիր պահանջ է՝ նույն ընթացակարգով: «2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա է 116 ոչ ֆորմալ ծրագիր: Նոր հաստատված կարգում նշված է՝ ծրագրի երաշխավորման պահանջը փոխհատուցման պահին է ներկայացվում, այսինքն՝ եթե քաղաքացիները որևէ կազմակերպությունից ստացել են ծառայություն, սակայն այդ կազմակերպությունը երաշխավորման համար դիմած չի եղել, այս ընթացքում կարող է դիմել երաշխավորման: Դրական եզրակացության դեպքում արագ կկարգավորենք այդ հարցը, որպեսզի քաղաքացիները փոխհատուցման հնարավորություն ունենան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը նաև հայտնել է, որ 2024 թ. համար փոխհատուցման ենթակա են միայն անկանխիկ ճանապարհով արված վարձավճարները. «Կարծում ենք՝ 2025-ի համար մեր քաղաքացիներն այս հանգամանքը հաշվի կառնեն և անկանխիկ վճարում կանեն»:

Նա ընդգծել է ևս մեկ կարևոր հանգամանք՝ նոր ընդունված կարգով սահմանվել է դասագրքերի փոխհատուցման ընթացակարգ. 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամ փոխհատուցման հնարավորություն է տրված: Գործընթացը հեշտացնելու նպատակով համապատասխան տվյալները կփոխանցվեն ՊԵԿ: Հիշեցնենք՝ տարրական դասարանների դասագրքերը պետբյուջեից են ֆինանսավորվում:

Ինչպես իմանալ՝ կազմակերպության ծրագիրը երաշխավորվա՞ծ է, թե՞ ոչ

Հարցի վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է. «ԿԳՄՍ նախարարության կայքում շուտով կունենանք բաժին, որտեղ ենթաբաժիններով առանձնացված կլինեն արտադպրոցական ծառայությունները և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկով: Այս ճանապարհով քաղաքացիները տեղեկացված կլինեն այդ կազմակերպությունների մասին և կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրից»:

 

Լրահոս

Դիտել ավելին