Կարևոր իրադարձություններ

Դեսպան Մկրտչյանը Հարիս Գեորգիադեսին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը

14 Փետրվար, 2025 23:19
Դեսպան Մկրտչյանը Հարիս Գեորգիադեսին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի հետ։

ՀՀ դեսպանը կիպրացի խորհրդարանականին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը և նախաձեռնությունները, անդրադարձել` տարածաշրջանային զարգացումներին։ Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնվող օրակարգը, այդ թվում և Հայաստանի Ազգային Ժողովի կողմից նախօրեին «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը հաստատելու հանգամանքը, ինչը կարևորագույն հանգրվան է այդ հարաբերություններում։

ՀՀ դեսպանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, և այդ համատեքստում անդրադարձել երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների ամենամյա փոխադարձ այցերին, հանդիպումներին և քննարկումներին, որոնք նշանակալի դեր ունեն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում փոխադարձ աջակցության համար։

Հարիս Գեորգիադեսը շնորհակալություն է հայտնել դեսպան Տիգրան Մկրտչյանին վերջին երկու տարիների ընթացքում հայ-կիպրական ավանդական բարեկամական հարաբերություններում ունեցած իր ներդրման համար և ողջունել Կիպրոսում Հայաստանի կողմից դեսպանության բացման գործընթացի սկիզբը։ Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին