Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթաժողովի լիագումար նիստին:
Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ:
Միջոցառման լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:
Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:
Մասնավորապես, վարչապետը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ զրույցում մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ:
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի հետագա խորացման հեռանկարները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունն այդ ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և միջազգային այլ գործընկերների հետ: