Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը նշել է ուղեցույց մշակելու պատճառները

11 Փետրվար, 2025 16:00
Աննա  Հակոբյանը նշել է ուղեցույց մշակելու պատճառները

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր կողմից մշակված և բոլոր միջազգային այցերի ժամանակ իր թիմին փոխանցվող ուղեցույցին, որի շուրջ քննարկումները չեն դադարում:

«Երբ հրապարակեցի միջազգային շփումների համար իմ պատրաստած ուղեցույցը, սկսվեց հանրային մեծ փնտրտուքը այն այլմոլորակայինների, ովքեր առիթ են տվել նման ուղեցույցի։

Բնականաբար, առաջին ռեակցիան մերժումն էր, երկրորդը՝ ագրեսիան, երրորդը՝ վիրավորանքը, չորրորդը՝ թաքնված ամոթը, բայց ի վերջո միշտ վրա է հասնում մեր մշտական փրկօղակը՝ «եւ ովքե՞ր են այդ անկիրթները, որ խայտառակում են ռեսպուբլիկան, ախ էդ անգրագետ մասսան, էս հայերը…»։

Ոչ մի փորձ՝ սեփական գործողությունների վերհիշման եւ գրվածի հետ նույնականացման։ Մինչդեռ դա անպատիվ բան չէ։ Ամոթ չէ։ Ավելին՝ փոփոխության, զարգացման, աճի միակ գրավականն է։

Ուստի ստիպված եմ կրկին ինքս օգնել կողքից մեզ նայել, ինչ-որ այլմոլորակայինների անօգուտ փնտրտուքի փոխարեն։

ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, իր ուրույն նիստուկացը, իր ուրույն շփման եզրույթներն ու ոճը։ Եւ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի։ Եւ այս իրավիճակն ունի իր բացատրությունը, օբյեկտիվ պատճառները։

Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» եւ այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես եւ’ ԵՊՀ-ում կրթություն ստացած, եւ’ Օքսվորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները։ Այսպես արտահայտվում են եւ’ այդ մարդկանց բացակայությամբ, եւ’ այդ մարդկանց տարբեր ներկայացուցիչների ներկայությամբ։

Ոչ ոք չի կասկածում, որ հնարավոր է՝ որեւէ մեկը հասկանում է մեր լեզուն, ոչ ոք չի կասկածում, որ նույնիսկ օտար լեզվով երբ քո մասին են խոսում, վատ են արտահայտվում կամ ծաղրում, կամ ներքին հումորներ անում, դա հիանալի տեսանելի, հասկանալի եւ զգալի է։ Ոչ ոք չի առերեսվում այն փաստի հետ, որ տվյալ երկրում գտնվելու միակ իմաստը այդ երկրի եւ ժողովրդի հետ լավ հարաբերություն հաստատելն ու պահպանելն է, ինչը, համաձայնեք՝ բավական բարդ է անել առանց տարրական հարգանքի։

Այնինչ դիվանագիտական տառաճանաչությունը հենց այս պարզ հանգամանքը յուրացնելն է։

Դե եկեք մի պահ պատկերացնենք՝ ինչ աղետ է տեղի ունենում այլ մակարդակների շփումներում:

Եւ իհարկե նորմալ է, որ լրատվամիջոցների մտքի ծայրով անգամ չի էլ անցնում, որ մենք ձվի կեղեւի մեջ չենք ապրում, աշխարհի մաս ենք, եւ իբր թե ընդդիմադիր խոսք հնչեցնելով իշխանություների հասցեին, չի կարելի այդքան կուրանալ, որ այլ երկրների եւ ժողովուրդների էլ վիրավորել։ Գոյություն ունի այսպիսի մի պրակտիկա. դեսպանությունները թարգմանում են տվյալ երկրի ԶԼՄ-ների հրապարակումները եւ ուղարկում իրենց մայրաքաղաքներ։ Դե մի պահ եկեք մտաբերենք՝ ինչեր են թարգմանվում եւ հասնում տարբեր մայրաքաղաքներ, եկեք ամաչենք եւ մի փոքր լրջության, հասունության եւ ծանրակշռության ձգտենք։

Հ.Գ. Արդար չի լինի, եթե չասեմ, որ աշխարհում կա 1, առավելագույնը 2 կամ 3 պետություն եւ ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները իրենց թույլ չեն տալիս ասել «սրանք»։

#կրթվելընորաձեւէ

#սովորենքտեսնելմեզ

#սովորենքտեսնելուրիշներին

#սովորենքհամեմատվելեւձգտել

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ»,- գրել է Հակոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին