Այսօր՝ փետրվարի 11-ին․ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ 2 քաղաքացի է ընկել:
Ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանյան լճի աշխատակիցները կարողացել են մեկին դուրս բերել լճից, իսկ երկրորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները: Մոտ 20 րոպեից ավելի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց ցավոք նրան փրկել չի հաջողվել, իսկ մյուս քաղաքացին, ում դուրս էին բերել Երևանյան լճի աշխատակիցները, բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գասպար Կ.-ն էր, իսկ փրկվածը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Ա-ն: