Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները։
«Երբ նրանք միացան Եվրոպայի խորհրդին 2001 թվականին, երկու երկրներն էլ պարտավորվեցին աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ: Համաձայնագրի այս նախագիծը վկայում է երկու անդամ պետությունների կամքի մասին՝ իրացնելու այդ ներուժը և կառուցելու կայուն և ամուր խաղաղություն տարածաշրջանում:
Այժմ չափազանց կարևոր է պահպանել այս ազդակը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով` Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը համապատասխան:
Եվրախորհուրդը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և կշարունակի իր աջակցությունն ու օգնությունը տրամադրել երկու անդամ երկրներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության լիարժեք հարգումն ապահովելու նպատակով»,-նշել է նա։