Մենք ունենք մի իրավիճակ, որի գնահատականը պետք է տանք նաև իրավական, քաղաքական տեսանկյունից: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում՝ խոսելով Արցախի ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի մասին, ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Այս փաստաթուղթը, փաստորեն, ամփոփում է Արցախի Հանրապետության պատմությունը, այսինքն անցյալը, ներկան և ապագայի մեր տեսլականը:
Ընդհանրապես արտաքին քաղաքականությունը և պետականաշինությունն այն գործընթացներն են, որոնց մեջ շատ կարևոր է սկզբունքայնությունը. սա է ամենակարևորը, անկախ ամեն ինչից: Անկախ նրանից, թե ինչ ծանր վիճակում ենք մենք՝ պետք է ունենանք մեր սկզբունքայնությունը, որովհետև աշխարհաքաղաքականության, քաղաքականության մեջ և կյանքում, եթե սկզբունք չկա՝ դա երբեք լավ բանի չի բերում. սա մեր սկզբունքային տեսլականն է, և դրանով է կարևորվում այդ ամենը»,- ասաց Բաբայանը:
Պատասխանելով այն հարցնին, թե ինչքանով կարելի է օրենքի նախագիծը կապել վերիջին օրերի ադրբեջանական կողմի սադրանքների հետ՝ Բաբայանն ասաց. «Որոշ շրջանակներ փորձում են այդ քայլերը կապել օրենքի հետ, սակայն դա ոչ մի կապ չունի այդ օրենքի հետ: Ի՞նչ է, մենք Ադրբեջանին չենք ճանաչո՞ւմ: Դա այդ երկրի դիրքորոշումն է, նրանց զգացմունքներ և ծրագրերն են մեր նկատմամբ՝ ատելություն, Արցախի ոչնչացման քաղաքականություն. սա է, ուրիշ ոչ մի պատճառը փնտրել պետք չէ: Սա Ադրբեջանի նպատակները և քաղաքական հաշվարներն են, նա այդ քաղաքականությունից չի հրաժարվում և չի հրաժարվելու: Չի կարելի պարբերաբար հնչող կրակոցները ինչ-որ երևույթների հետ կապել, սա ավելի խորն է: Այս ձևով մենք պետք է մոտենանք իրավիճակի վերլուծությանը»,- նշեց Արցախի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Փետրվարի 4-ին Արցախի ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը սահմանում է «1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները»: