Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավանի ՄՍԾ տնօրեն Անժելա Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ։
Ինչպես տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից, քննարկվել են Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։
Նշվել է, որ տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով։ 29 քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը հարազատների բնակարաններում են։ Տարհանված քաղաքացիներից 6-ը անչափահաս երեխաներ են։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ հրատապության՝ նաև դեղորայքով։
Համայնքապետարանի աշխատակիցների կողմից ներկայացվել է, որ կատարվել է առաջնային գնահատում, ըստ հրատապության՝ բնակիչներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։
Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել է Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Նրանցից 1-ը Փրկարար ծառայության աշխատակից է, որը ստացել է ձեռքի թեթև վնասվածք։
Հանձնարարվել է արձագանքել քաղաքացիների բոլոր խնդիրներին և արագ տալ լուծումներ։